«Ոչ»-ի ճակատ ձևավորել՝ նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելությունը (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր ասուլիս են հրավիրել։ Բանախոսների հիմնական թեման սպասվող սահմանադրական հանրաքվեի հետևանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակն է։

Էդմոն Մարուքյանն ասուլիսի սկզբից անդրադարձավ իրեն մտահոգող հարցերի մասին․ «Խորհրդարանի հայտնի նիստից հետո բավականին մեծ ատելության գեներացիա է տեղի ունենում երկրում, որի հետևանքն է նաև այն, որ ես և էլի հարազատ մարդիկ, նաև կուսակցականներ ստանում ենք նամակներ, կոնկրետ սպառնալիքի մասին է խոսքը, և ես դրա մասին հրապարակային գրառում եմ կատարել, որից հետո որևէ իրավապահ մարմին չի կապվել՝ հասկանալու համար, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը գնում, այսինքն՝ պատկերացրեք՝ քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, զրո արձագանք իրավապահ մարմիններից։ Այսինքն՝ ատելության գեներացիան, իշխանությունից է եղել, իշխանությունն ինչի պետք է արձագանքի»,- ընդգծեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով, «Ոչ»-ի ճակատ ձևավորել՝ նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելությունը, որն էլ կհանգեցնի արյունահեղության, ինչին իրենք միշտ են դեմ եղել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրեն որևէ ճամբարում չի տեսնում։ Իրենք իրենց ունեցած գործիքակազմը լիովին օգտագործել են և պատրաստ են դեռ Սահմանադրական դատարան դիմել, եթե կլինեն ստորագրություններ, մյուս կողմից բոլոր ուժերին նաև կոչ են անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել, որ «Այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի։

Մանրամասները՝ տեսանյութում