«Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել 2016 թ․ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած լայնածավալ մարտական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դեր է զբաղեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս ձգձգված հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է»,- ասել է նա:

Ռուս պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է գտնվել ՌԴ նախագահի, արտգործնախարարի ուշադրության կենտրոնում:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականին կնքված Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչ այսօր հրադադարի հիմքն է հանդիսանում:

«Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր 2008 թ. Մոսկվայի հռչակագրի ընդունումը, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի տակ առկա են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրությունները: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին Մոսկվա հրավիրելով»,- ասել է ռուս պաշտոնյան: