ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակից դարձավ սահմանադրական կարգի տապալման փաշինյանական վարչախմբի հանցափորձին

Առհասարակ մենք պետք է հասկանանք, թե ինչ լիազորություններ ունի Սահմանադրական դատարանը, որոնք կարող են գործող իշխանության քաղաքական քիմքին հաճո չլինել կամ իրենց քաղաքական օրակարգում փոփոխություններ մտցնել: Տողերիս հեղինակի հետ զրույցում նշելով այս մասին, հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց.

«Պետք է սկսել երկրի թիվ 1 դատավարությունից` քրեական գործով, որով Սահմանադրական դատարանը դիմել է Եվրոպական դատարան խորհրդատվական կարծիքի, և մասնագետների կարծիքի համընկնում ունենք, որ թիվ 1 դատավարությունով գլխավոր մեղադրյալին մեղսագրվող արարքը ճանաչվելու է հակասահմանադրական: Այնուհետև քաղաքական իշխանությունն իր օրակարգում ունի վավերացնելու մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, մասնավորապես` Ստամբուլյան կոնվենցիան, որը ևս չի կարող գնալ Ազգային ժողով վավերացման` մինչև սահմանադրական վերահսկողության առարկա չդառնա, այլ կերպ ասած, մինչև Սահմանադրական դատարանը չարձանագրի, որ այդ կոնվենցիան, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթեր (օրինակ` Մարաքեշի պայմանագիրը.- Ա. Հ.) համապատասխանում են մեր Սահմանադրությանը: Եվ սրանցից զատ, թեև գուցե իմ դաշտում չի գտնվում հարցը, Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ որոշակի աղերսներ ունի Սահմանադրական դատարանը: Ցանկացած ընդունվելիք փոփոխություն` Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, ցանկացած ստորագրված փաստաթուղթ ևս պետք է ստուգվի սահմանադրականության տեսանկյունից, և այս ճանապարհին ևս յուրային Սահմանադրական դատարան ունենալը քաղաքական իշխանության համար գերնպատակ է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը և 09.02.2020 թ. իր հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելով, մասնակից դարձավ մեր հանրապետության սահմանադրական կարգի տապալման փաշինյանական իշխող վարչախմբի հանցափորձին:

Մինչև «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հիշյալ որոշման նախագծի ընդունումը, ինչը ԱԺ-ի իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների «կողմ» ձայներով կատարվեց ս. թ. փետրվարի 6-ին, տվյալ նախագծի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան չդիմելը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի պարտադիր (իմպերատիվ) պահանջի ակնհայտ ու կոպտագույն խախտում է և ՀՀ սահմանադրական կարգի տապալման փորձ Ազգային ժողովի համապատասխան պատգամավորների կամ (և) պաշտոնյայի կողմից։

ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի համաձայն, «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով» ((ընդգծումները` հեղինակինը)): Եվս մեկ ընդգծում` Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում ԱԺ-ն ոչ թե կարող է դիմել կամ իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, այլ դիմում է, այսինքն` պետք է պարտադիր դիմի, ՍԴ դիմելը նրա ոչ թե լիազորությունն է, այլ պարտականությունը:

ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի («Սահմանադրական դատարանի լիազորությունները») ու դրա 2-րդ կետի դարձյալ իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի համաձայն, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ «մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»)

Վերոնշյալը հաղորդում է հանցագործության մասին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու գլխավոր դատախազությանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ու Հատուկ քննչական ծառայությանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին և ԱԱԾ-ին։ Հիշյալ պաշտոնյաներն անձնական պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար։

Ինչպե՞ս էր պարտավոր վարվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` ստանալով ԱԺ-ի վերոնշյալ որոշումը և քաջատեղյակ լինելով, որ այն կայացվել է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջի շրջանցմամբ ու հանդիսանում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման փորձ, միաժամանակ հստակորեն միտված է Հայաստանի Հանրապետությունում իշխանության թևերի տարանջատման սկզբունքը խախտելուն:

Իր հրամանագրով ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելով, նույն փաստաթղթում նշել է, որ դրա համար հիմք է ընդունել ԱԺ-ի հիշյալ որոշումը և ղեկավարվել Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն, «Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե»: «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում հանրաքվե անցկացնելու մասին ԱԺ-ի որոշման առնչությամբ դարձյալ նույն բանն է գրված, ըստ 12-րդ հոդվածի 1-ին մասի, Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո` «եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե»:

Փետրվարի 9-ն ՀՀ նախագահին ուղղված իրավաբանների, փաստաբանների, քաղաքական գործիչների, լրագրողների և այլոց խիստ քննադատություններից և պարոն Սարգսյանին ներկայացված որոշակի մեղադրանքից հետո նախագահի աշխատակազմը նույն օրը տարածել Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ նախագահի գործառույթների մասին «Պարզաբանում»։ Դրանում նշված է.

«Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»:

Ակնհայտ է, որ պարզաբանման վերջին պարբերությունը նախագահին ապահովագրելու համար է, սակայն ապարդյուն, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը, կեղծիք, այսինքն`հանրաքվեի օր նշանակելով, նախագահը հենց իր վերաբերմունքն ու դիրքորոշումն է արտահայտել Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:

Այո՛, հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի որոշում: Այո՛, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմը դիմել է կեղծիքի ամենանուրբ ու նենգ ձևին` կիսաճշմարտությունը ներկայացնելուն, այսինքն` գրքի մի էջը ներկայացնելուն, իսկ մյուսի մասին լռելուն ու թաքցնելուն, ՀՀ Սահմանադրության 206-րդ հոդվածը և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածը վկայակոչելուն, իսկ Սահմանադրության համապատասխան այլ հոդվածների գոյությունն անտեսելուն, դրանք շրջանցելուն ու դրանց մասին չնշելուն:

Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի («Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները») մասին է, որի համաձայն, «Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»:

Այս վերջինն ևս Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, ենթակա պարտադիր կատարման, Սահմանադրության պահպանմանը հետևելը ՀՀ նախագահի ոչ թե իրավունքը, այլ պարտականությունն է։

Որպեսզի պատասխանենք այն հնարավոր հարցին, թե Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն ունենալով, խեղճ նախագահն ինչպե՞ս կարող էր իրականացնել իր այդ պարտականությունը, երբ, ինչպես հիշյալ պարզաբանման մեջ է նշված, «Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով», նախ ընդգծենք, որ պարզաբանման վերոնշյալ պարբերությունն արդեն ոչ թե սոսկ կիսաճշմարտություն, այլ ակնհայտ կեղծիք է կամ պաշտոնեական կեղծիք (վերջինն իրավապահների պարզելու խնդիրն է):

Փաստենք մեր այն պնդումը, որ նախագահի աշխատակազմի պարզաբանման վերը մեջբերված պարբերությունն իրականության կեղծումն է, այսինքն` նախագահի սահմանադրական գործառույթները (լիազորությունները) չեն սահմանափակվում միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

ՀՀ Սահմանադրության հոդված 169-ի («Սահմանադրական դատարան դիմելը»), մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Սահմանադրական դատարան կարող է դիմել «Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում» (ընդգծումը` հեղինակինը): 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերի շարքում է նաև ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը ոչ միայն օրենքների, այլև «Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը» որոշելը: Այսպիսով հիշյալ պարզաբանման այն պատճառաբանություն-արդարացումը, որ հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ ԱԺ-ի որոշում, ամբողջովին իմաստազրկվում է ու բացահայտվում, որ այդ նշված պատճառաբանությունն ունի հանրությանը մոլորեցնելու նպատակ:

Ճիշտ է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Սահմանադրությանը Ազգային ժողովի որոշումների (տվյալ պարագայում` 06.0.2020թ. ԱԺՈ-001-Ն որոշման) համապատասխանությունը որոշելու նպատակով ՍԴ-ին դիմելը նախագահի հայեցողական լիազորությունն է (կարող է դիմել…),սակայն չպետք է անտեսել, որ Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը», այսինքն` Սահմանադրության պահպանմանը հետևելը նրա պարտականությունն է, սրբազան պարտականությունը` այնքանով, որքանով դա Սահմանադրության` պարտադիր կատարման ենթակա պահանջն է և վերաբերվում է այնպիսի կարևորագույն խնդրի, ինչպիսին Սահմանադրության պահպանումն է:

Քանի որ նախագահն այս դեպքում Սահմանադրության 123-րդ հոդվածի իմպերատիվ պահանջը կատարելու այլ հնարավորություն կամ գործիք չուներ, քան մայր օրենքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իր հայեցողական լիազորությունից օգտվելը և Սահմանադրությանը ԱԺ-ի հիշյալ որոշման համապատասխանությունը որոշելու նպատակով ՍԴ դիմելը, նախագահի այդ հայեցողական լիազորությունն արդեն ԱԺ-ի որոշումը կից դիմումով և հիշյալ նպատակով Սահմանադրական դատարան ուղարկելու պարտականության էր վերածված: Արմեն Սարգսյանը չի կատարել իր այդ պարտականությունը և այդպիսով թույլ է տվել մայր օրենքի պահպանմանը հետևելու Սահմանադրության 123-րդ հոդվածի իմպերատիվ պահանջի խախտում, դրանով իսկ մասնակից դարձել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման փաշինյանական իշխող վարչախմբի հանցափորձին:

Սահմանադրական կարգի տապալման հանցափորձը կվերածվի սահմանադրական կարգի տապալման հանրաքվեի կանխատեսելի արդյունքի (հանրաքվեի դրված հարցին կողմ քվեարկության գերակշռում) իրացմամբ կամ իրականացմամբ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներից 6-ին պաշտոնանկ անելով: Այս դեպքում Արմեն Սարգսյանն արդեն մասնակիցը կլինի սահմանադրական կարգի տապալման:

Այն, որ հանրաքվեի արդյունքը կեղծվելու է, անձամբ ես որևէ կասկած չունեմ: ՍԴ-ի ինը դատավորներից 7-ին պաշտոնանկ անելը և այդ մարմնում փաշինյանական վարչախմբի ուզած մարդկանց դատավորներ կարգելը նշանակում է ՍԴ-ի կողմից Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական չճանաչել ու հնարավորություն տալ, որ այն փոխանցվի ԱԺ, որը խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների կամ նրանց գերակշիռ մասի քվեներով վավերացնելու է կոնվենցիան (իհարկե, եթե դրան չխանգարի կոնվենցիայի վավերացմանը դեմ մարդկանց ընդվզումը…): Մինչդեռ ՀՀ քաղաքացիների գրեթե 100 տոկոսը դեմ է ԼԳԲՏ (լիսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց գործնականում լայն իրավունքներ ապահովող հիշյալ կոնվենցիայի վավերացմանը: Սա նշանակում է, որ քվեարկողների գերակշիռ մասը դեմ է քվեարկելու հանրաքվեի դրված հարցին, սակայն նրանց քվեները կեղծվելու են:

Քվեարկողներից քանի՞սը կողմ կլինի, որ Հայաստանում գործնականում բացվի ճանապարհը ԼԳԲՏ կամ պղծության, այլասերման քարոզչության առջև հեռուստատեսությամբ, այլ ԶԼՄ-ներով, գրքերով ու գրքույկներով, որ այդ քարոզչությունը դառնա ամենօրյա, սովորական մի բան, իսկ դրան ընդդիմացողները վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկվեն… Քվեարկողներից քանի՞սը կողմ կլինի, որ Հայաստանում, այսպես կոչված, գեյ- շքերթներ կազմակերպվեն- անցկացվեն, փողոցների վերևում կախվեն իրար գգված, իրար համբուրող տղաներ և նույն վիճակում գտնվող աղջիկներ պատկերող  ցուցավահանակներ (բաներներ)…  Քվեարկողներից քանի՞սը կողմ կլինի, որ տրանսվեստիտները Հայաստանում գործնականում հնարավորություն ունենան մեր երեխաների դաստիարակչական հիմնարկներում աշխատելու, երեխաներ որդեգրելու… Բոլորս էլ գիտենք այս հարցերի պատասխանը` քվեարկողների չնչին մասը, հետևաբար միայն այդ փոքրամասնությունն է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ու վերոնշյալին դեմ չլինելով, կողմ կքվեարկի հանրաքվեի դրված հարցին ու կբացի դարբասները կոնվենցիայի վավերացման առջև, սակայն այդ փոքրամասնությունը ներկայացվելու է մեծամասնություն:

Այնուհանդերձ, վիճակն անհուսալի չէ. ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում կարող է դիմել Սահմանադրական դատարան ինչպես ԱԺ-ի որոշումների (տվյալ դեպքում` 06.02.2020թ. ԱԺՈ-001-Ն որոշման), այնպես էլ հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների (տվյալ դեպքում` 09.02.2020 թ. հիշյալ հրամանագրի) համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 26 պատգամավոր ունի, եթե նրանց միանա «Լուսավոր Հայաստան» խմբակցության 17 պատգամավորներից թեկուզ մեկը, ինչը, կարծում ենք, իրատեսական է, հնարավոր, ապա 27 պատգամավորով, որոնց քանակը կկազմի պատգամավորների ընդհանուր թվի (131) մեկ հինգերորդը, մի փոքր էլ ավելին, կարող են դիմել ՍԴ` ԱԺ-ի հիշյալ որոշման ու նախագահի հրամանագրի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու խնդրով: Արդյունքը լիովին կանխատեսելի է, մնում է միայն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրսևորեն համապատասխան համարձակություն:

Արթուր Հովհաննիսյան