«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,- ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին

Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իրական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը:

Այս հայտարարությամբ փետրվարի 10-ին հանդես են եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի՝ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Չնայած թեկնածուների մեծ թվին, օրենսդրության սահմանափակումները խոչընդոտում էին իսկական մրցակցությանը»,-ասված է առաքելության հայտարարության մեջ:

Դիտորդները հայտարարել են, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրել ընտրություններում, ինչըկասկածելի է դարձնում դրանց թափանցիկությունը: Բացի դրանից, նրանց խոսքով, առանձին դեպքերում ճնշում է գործադրվել ընտրողների վրա:

Դիտորդների առաքելության ներկայացուցիչները նաև նշել են, որ ընտրություններում տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների աշխատանքը թափանցիկ էր դիտորդների համար, սակայն չի ապահովվել ազատ դեմոկրատական ընտրությունների անցկացումը:

«Ձայների հաշվման ընթացակարգը հիասթափեցրեց մեզ»,- ասված է առաքելության հայտարարության մեջ:

Փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 տեղին հավակնում էր 1314 թեկնածու: Ընտրություններում հավատարմագրված էին 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդներ:

Ընտրությունների նախնական տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, առավել մեծ թվով մանդատներ է ստանում օրենսդիր մարմնում: Այդ տվյալների համաձայն, կուսակցությունը կարող է ստանալ մինչև 71 մանդատ: