Բրեդ Փիթը «Օսկարի» արարողության ժամանակ կատակել է Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին

«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված իմպիչմենտի մասին: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ձեռքում պահելով «Օսկարը», որը Բրեդ Փիթը ստացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում (Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ․․․ Հոլիվուդում» ֆիլմ), դիմել է ներկաներին․ «Ինձ ասել են, որ ես ունեմ ընդամենը 45 վայրկյան (հանդես գալու համար), որը  45 վայրկյան ավելի է, քան Սենատը տրամադրել է Ջոն Բոլթոնին՝ նախագահ Թրամփի իմպիչմենտի գործընթացում»:

Բոլթոնը, որը Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականն էր, կարող էր իմպիչմենտի գործընթացում գլխավոր վկա լինել, բայց այդպես էլ Սենատ չի հրավիրվել: «Ուստի մտածում եմ, միգուցե Քվենտինը պետք է ֆիլմ նկարահանի այդ մասին, երբ մեծահասակները վերջում ճիշտ են վարվում»,- ավելացրել է դերասանը:

«Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, բայց Տարանտինոն այլընտրանքային հանգուցալուծում է առաջարկել ողբերգական պատմությանը:

Արարողությունից հետո դերասանը լրագրողների հետ հարցազրույցում բացատրել է, որ «շատ հիասթափված է» անցած շաբաթվա իրադարձություններից, որի ընթացքում Սենատը արդարացրել է Դոնալդ Թրամփին: «Կարծում եմ, որ փաստերը հենց այնպես չպետք է անտեսել, երբ հաղթելու արվեստը կասկածելի, չնայած ոչ արգելված հնարքներով, առավելություն է ստանում ճշմարտության հանդեպ։ Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»:

Իր ելույթի ընթացքում Բրեդ Փիթը նաև հիշել է իր երեխաներին։ Դերասանուհի Անջելինա Ջոլի հետ ամուսնությունից զույգը ունի երեք դուստր և երեք որդի, որոնք, ինչպես նշել է դերասանը «իմաստ են տալիս ամեն ինչին», ինչ նա անում է։