Միջազգային կառույցների լռության գինը Արցախի հարցում ցավոտ զիջումներն են լինելու

Իշխանության կողմից ժողովրդին սահմանադրական հանրաքվեի տանելու շուտափույթ կազմակերպվող այս գործընթացին անհնար է իրավական գնահատական տալ,  քանի որ չի գործում ոչ մի ի­րա­վա­կան նոր­, Հայաստանը գնում է  հակասահմանադրականության,  հակաիրավական վտանգավոր ճանապարհով: Քաղաքական առումով ևս դժվար է գնահատել այն, ինչ կատարվում է մեզանում,   քանի որ չեն գործում անգամ  դասական քաղաքականության խաղի կանոնները: Ստեղծված աբ­սուր­դա­յին իրավիճակը մեկ մեկնաբանություն ունի՝ Հայաստանում տեղի է ունենում ավանտյուրա՝ մեկ անձի կամ մի խմբի կողմից:

Ազգային ժողովն, ընդունելով սահմանադրական փոփոխությունների հայտնի օրինագիծը, փաստորեն, իրականացրեց սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փորձ: Իշխանությունը կեղծում է՝ հայտարարելով, թե պայքարում են ժո­ղովր­դի վստահությունը չվա­յե­լող ՍԴ դա­տա­վոր­ներ­ի դեմ, սա  դե­մա­գո­գիա է: Իրականում Փաշինյանի իշխանության պայքարն ուղղված է ոչ թե անձերի, այլ մի ամբողջ կայացած կառույցի՝ Սահմանադրական դատարանի դեմ:

Իշխանությունը ՍԴ-ի հարցում ունի երկու նպատակ: Առաջին՝ ամբողջությամբ վերացնել այս պետական կառույցը: Հիշեցնեմ, որ դեռ ամիսներ առաջ իշխանության սորոսական թևը չէր թաքցնում իր մտադրությունն ու անգամ հրապարակայնորեն ասում էր՝ փոքր Հայաստանի համար ի՞նչ իմաստ կա ՍԴ ունենալը: Գնալ պետական կայացած կառույցը փոշիացնելու ճանապարհով, նշանակում է քայլ առ քայլ ոչնչացնել պետությունը:

Իշխանության երկրորդ նպատակը՝ ՍԴ-ն մեկ անձի ենթակայության տակ դնելն է: Սա իշ­խա­նու­թյան ուզուրպացիա է:

Հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գործողություններով ՍԴ-ն սեփականելու քայլերը տարբեր ենթադրությունների տեղիք են տալիս: Փաշինյանի ու նրա թիմի՝ այս հարցում դրսևորվող շտապողականությունն ինչ-որ գործարքի մասին է հուշում: Վաղուց կա այն համոզմունքը, որ  իշխանության գալով Փաշինյանն ինչ-ինչ արտաքին  ուժերի խոստումներ է տվել կոնկրետ հարցերի շուրջ, բայց  դեռ չի հասցրել դրանք իրականացնել, ու այդ հարցում նրա ձեռքերը կապող կառույցը եղել է ՍԴ-ն:

Ի՞նչ խոստումների մասին է խոսքը: Դատեք ինքներդ. ՍԴ-ն իր գրպանում ունենալու պարագայում Փաշինյանն այլևս մտա­հո­գու­թյուն­ներ չի ունենա մի քանի հարցերում. Առաջին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վո­րու­թյան խնդրում ՍԴ-ն կկայացնի «թավյա հեղափոխականի» համար նպաստավոր ո­րո­շու­մ: Երկրորդ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փուլում այդ փաստաթուղթը ՍԴ-ով անցնելու պարագայում ևս ոչ մի խնդիր չի ստեղծվի: Երրորդ՝ միասեռականների ամուսնությունների վավերացման հարցը սղալով առաջ կգնա: Եվ վերջապես, չորրորդ՝ Արցախի հարցում ցանկացած որոշում գրպանային ՍԴ-ն կկայացնի այնպես, ինչպես կնախընտրի Փաշինյանը: Ու այստեղ է, որ ենթադրվող գործարքը կկայանա…

Ստացվում է՝ մինչև վերջ գնալու, տրված խոստումները կատարելու, իր իշխանությունը պահելու, սեփական պար­տու­թյունից խուսափելու համար ՍԴ-ն պետք է օր առաջ «ընկնի»:

Հետևեք ադրբեջանական լրահոսին ու կհամոզվեք, որ այդ երկրում քաղաքական, հասարակական ակտիվ  շրջանակներն այս օրերին, մանավանդ Ժնևում կայացած     բանակցություններից հետո, զբաղված են մեկ հարցով՝ դա ղարաբաղյան խնդրում ադրբեջանանպաստ լուծման հասնելն է: Մինչդեռ Հայաստանում առաջ է մղվում Փաշինյանի ձեռքով սարքված կեղծ օրակարգը, ինչը երկիրը կմղի հանրաքվեի մաշող գործընթացի մեջ: Այն շեղելու է մեր բոլորի ուշադրությունը Արցախի հարցից,  աննպատակ կլանելու է մեր ռեսուրսը, բևեռացումն ու թշնամանքը կհասնեն  գագաթնակետին: Ազգային ժողովում հնչեցրած իր ելույթով Փաշինյանը տվեց  ատելության քարոզի նոր փուլի մեկնարկը:

Դառնանք միջազգային կառույցների գործելաոճին: Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն կոչ արեց իշխանությանը Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական փոփոխությունների  նախագիծը: Բայց հարկ է ուշադիրություն դարձնել  հետևյալ  հանգամանքի վրա: Եթե  նախորդ իշխանությունների ժամանակ իրականացվեին այնպիսի հակասահմանադրական քայլեր, որպիսիք արվում են այսօր, ապա մեկը մյուսին հաջորդելու էին միջազգային կառույցների՝ ՀՀ իշխանություններին ուղղվող անխնա քննադատական զեկույցներ: Մի բան, որն այսօր չկա: Կա կարծիք, թե իշխանության սորոսական թևն է, իբրև, իր լծակներով կանխում այդ ընթացքը: Բայց սա չէ էականը, առկա է բոլորովին այլ ու վտանգավոր հանգամանքը: Եթե միջազգային կառույցներն այսօր լռում են, եթե աչք են փակում Փաշինյանի անօրինական քայլերի առաջ, ապա վաղն այդ լռությունը թանկ գնով վաճառելու են Հայաստանին: Իսկ ի՞նչը կլինի այդ լռության գինը: Դա  կարող է լինել թե՛ Արցախի հարցում վտանգավոր զիջումների պարտադրանքը,  թե՛ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում ոչ հայանպաստ քաղաքականության իրականացման թելադրանքը:

Այսինքն՝ գործ կունենանք քաղաքական առևտրի հետ, եթե իշխանությունը չսթափվի ու հետ չկանգնի իր արկածախնդրությունից:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե դեսպաների հետ հանդիպումից ու ԵԽԽՎ-ից եկող սուր արձագանքներից հետո իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ են առաջացել, երկիրը պատեպատ տվող քաղաքականությունը շատերին է մտահոգել: Իր իսկ ձեռքով սարքված իրավիճակից իշխանությունը երկու ելք ունի. կամ Սահմանադրական դատարանի դատավորները ներկայացնում են ազատման դիմում, ու դրանով արկածախնդիրների թիմը հասնում է իր երազանքի կատարմանը՝ ազատվելով  ոչ ցանկալի դատավորներից, կա՛մ «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված է լինելու  ենթարկվել ԵԽԽՎ պահանջին ու սահմանադրական փոփոխության նախագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով:  Իսկ դա նշանակում է՝ անորոշ ժամկետով հետաձգել հանրաքվեի անցկացումը:

Իսկ մինչ այդ, Հայաստանի քաղաքական ու հասարակական ակտիվ շրջանակները պետք է վերակազմակերպվեն, վերադիրքավորվեն, որպեսզի հարկ եղած դեպքում  հակահարված տան սահմանադրական կարգի տապալմամբ իշխանության եկած քաղաքական թիմի հերթական ավանտյուրիային:

Արմինե Սիմոնյան