ՀՀ-ն կստանա միջազգային գործընկերների կոշտ քննադատություն, լուրջ սանկցիաների կիրառում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Արսեն Բաբայանը, որն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագծին։ Փետրվարի 6-ին Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Սահմանադրության մեջ  փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Այսինքն՝ առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Այսպիսով նախագահի ստորագրությունից հետո նախագիծը կհանձնվի ժողովրդի դատին։ Իշխանափոխությունից հետո առաջին անգամ իշխանությունները նորից զգացին ժողովրդի միջոցով իրենց ինքնիշխանությունը հաստատելու անհրաժեշտությունը։ Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ իշխանություններն այս քայլով փորձեցին հակասահմանադրական նախագծի ընդունման պատասխանատվությունը գցել իրենց վրայից։

«Այո, իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իրավական պետությունն ունի Սահմանադրություն, որն ունի անփոփոխելի հոդվածներ առնվազն գոնե այդ մասով, ժողովուրդը չի կարող ընդունել փոփոխություն և փոխել անփոփոխ հոդվածները, հետևաբար ժողովուրդն իրեն կաշկանդել է հենց այդ Սահմանադրությամբ և չի կարող հետ կանգնել։ Եթե անփոփոխ որևէ հոդված փոփոխության ենթարկվի, այդ գործընթացից հետո մենք պետք է ունենանք նոր հանրապետություն, որովհետև Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանադրությունն ունի անփոփոխ հոդվածներ, որոնք չեն կարող փոխվել այդ պետության գոյության ընթացքում»,- ասաց իրավապաշտպանը։

Վարչապետը պնդում է, թե կա մի մարմին՝ Սահմանադրական դատարան, որը կարող է թույլ չտալ ժողովրդին իր կամքն արտահայտել, մասնավորապես ժողովուրդը կարող է ցանկություն հայտնել ինչ-որ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց ՍԴ-ն դա թույլ չտա։ Արսեն Բաբայանն անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանն՝ ասաց, որ իրավական պետության պահպանման երաշխիքն է այդ սկզբունքը, և շատ տարօրինակ ու զարմանալի է, որ դա կարող է կասկածի տակ դրվել։ Նրա բնորոշմամբ՝ դա պոպուլիզմ է, Սահմանադրության մեջ բազմաթիվ հոդվածներ, որոնք թեև անփոփոխ չեն, չեն կարող փոխվել, քանի որ դրանց բացակայությունը, փոփոխությունը իրավական պետության սկզբունքներին կխանգարի։ Օրինակ՝ անմեղության կանխավարկածը։ Ժողովրդի մեծամասնությունը կարող է ցանկանալ, որպեսզի ՀՀ-ում այլևս անմեղության կանխավարկածը չգործի։ Արսեն Բաբայանը հարցադրում է հնչեցնում՝ իրավական պետության մեջ կարո՞ղ է նման բան լինել։ Այսօրվա իշխանությունների կիրառած պրակտիկայով առաջնորդվելու դեպքում ենթադրվում է, որ կարող է, բայց այդ դեպքում արդեն Հայաստանն իրավական պետություն չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում