Մահացել է Հոլիվուդի «ոսկե դարի» դերասան Քըրք Դուգլասը

104 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Քըրք Դուգլասը: Փետրվարի 6-ին «Ինստագրամի» իր էջում այս մասին գրել է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը:

«Մեծ ցավով ես և իմ եղբայրները հայտնում ենք, որ այսօր՝ 103 տարեկան հասակում մեզանից հեռացավ Քըրք Դուգլասը։ Աշխարհի համար նա լեգենդ էր, կինոյի ոսկե դարի դերասան, հումանիստ, ով օրինակ էր բոլորիս համար իր նվիրվածությամբ, արդարությամբ և գաղափարներով, որոնց հավատում էր», – գրել է Մայքլ Դուգլասը:

Կարիերայի ողջ ընթացքում նրան շնորհվել է միայն մեկ «Օսկար», բայց ոչ իր դերերի համար: Նա «Օսկարի» է արժանացել «կինոյում 50 տարվա ստեղծագործական և բարոյական ջանքերի համար»:

Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է 1916թ-ի դեկտեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում, աղքատ հրեական ընտանիքում։ Նրա ծնողները 1910-ին Մոգիլևի նահանգից արտագաղթել են Միացյալ Նահանգներ: Նրա հայրը Ռուսաստանի կայսրությունից փախել է Ամերիկա՝ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով: Ընտանիքում կար յոթ երեխա, Իսերը միակ տղան էր:

Իր գոյությունը պահպանելու նպատակով պատանեկության տարիներին նա տեղական գործարանի աշխատողներին նախուտեստներ է վաճառել: Իր ինքնակենսագրականում նշել է, որ ողջ կյանքի ընթացքում աշխատել 40 տարբեր վայրերում:

Դուգլասը սկսել է խաղալ դպրոցական ներկայացումներում և հենց այդ ժամանակ որոշել է դառնալ թատրոնի դերասան։

1939-ին քոլեջն ավարտելուց հետո մեկնել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Դրամատիկական արվեստների ամերիկյան ակադեմիա: Այնտեղ էլ սովորելու ընթացքում անունը փոխել է՝ դառնալով Քըրք Դուգլաս:

Ուսման  վարձը վճարելու համար նա զբաղվել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտով, աշխատել կինոթատրոնում, ավտոկայանատեղիում, ինչպես նաև՝ սպասավոր հյուրանոցում:

Նյու Յորքում նա մասնակցել է թատերական ներկայացումներին և նկարահանվել գովազդներում:

1941-ին նա ծառայության է անցել նավատորմում, բայց երկու տարի անց զորացրվել է վերքերի պատճառով: Նույն թվականին ամուսնացել է իր նախկին դասընկեր, դերասանուհի Դիանա Դիլլի հետ:

Նրանք երկու որդի են ունեցել`Մայքլը և Ջոելը: Իր երկրորդ ամուսնությունից Քըրք Դուգլասը ևս երկու որդի է ունեցել` Էրիկը և Պիտերը: Էրիկը դերասան դարձավ, իսկ Պիտերը՝ պրոդյուսեր: Էրիկը մահացել է 2004 թ.-ին ալկոհոլի և ցավազրկողների չարաշահումից։

1945-ին Քըրք Դուգլասը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ նա առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում։ Նրա դեբյուտային դերը դարձել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» դրաման։

1950-ականների սկզբին Դուգլասը դարձել է հոլիվուդյան առաջատար դերասաններից մեկը:

Քըրք Դուգլասը նկարահանվել է ավելի քան  80 ֆիլմերում

Նրա նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են «Չարերը և գեղեցիկները» (1952), «Կյանքի ծարավ» (1956), «Փառքի արահետներ» (1957), ինչպես նաև «Սպարտակը» (1960):

 «Սպարտակը» համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենահայտնի և շլացնող ֆիլմերից մեկն է:

Քըրքը խաղացել է գլխավոր դերը, անձամբ է շահագրգռված եղել նկարահանումներով և երկար ժամանակ պայքարել է ֆիլմը էկրան հանելու համար: Նա է «Ես Սպարտակն եմ» արտահայտությամբ տեսարանի հեղինակը։