Իրանը տեղյակ էր ԱՄՆ և Իսրայելի նոր հակաիրանական դավադրության փորձի մասին

Թուրքիան կրակում է Սիրիայի տարածքում գտնվող ռուսական, սիրիական զորքերի և շիական աշխարհազորայինների ուղղությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փաստորեն, սպառնում է Ռուսաստանին, Սիրիային և Իրանին՝ հայտարարելով, որ Սիրիայի գործով «Աստանայի գործընթացը ոչնչացված է»: Նա ստում է աշխարհին՝ պնդելով, թե իբր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում «ամեն ինչ ասել է, ամեն ինչ պայմանավորվել»: Նա վերջնագրի կարգով հայտարարություններ է հղում Սիրիային՝ պահանջելով… լքել Իդլիբ նահանգը: Եվ հիմա տեսնում ենք, որ Էրդողանի բոլոր գործողությունները ժամանակի մեջ տարօրինակորեն համընկնում են Իրանի դեմ ԱՄՆ – իսրայելական պլանների հերթական բացահայտման հետ: Ի դեպ, Սիրիայի ԱԳՆ վերջին հայտարարության մեջ արդեն իսկ հստակ ասված է. Թուրքիան և Իսրայելը դաշնակիցներն են…

Ամերիկա-իսրայելական AXIOS կայքը փետրվարի 4-ին հրապարակել է մի հոդված, որում նշված է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) գաղտնի հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը 2019-ի դեկտեմբերի 17-ին՝ Իրանի դեմ նոր դավադրություն անելու նպատակով: Այս հանդիպումը, որն իր մեջ ներառում էր Աբու Դաբիի և Թել Ավիվի միջև չհարձակվելու դաշնագրի քննարկումը, անվանվել է ԱՄԷ-ի և Իսրայելի միջև սերտ կապեր հաստատելու փորձ: Այս հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հրեա փեսայի ՝ Ջարեդ Քուշների ներկայությամբ: Իսրայելական թիմը ղեկավարում էր վարչապետ Բենջամին Նեթանյահուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեյր Բեն Շաբբատը, իսկ ԱՄԷ-ն ներկայացնում էր ԱՄՆ-ում երկրի դեսպան Յուսեֆ ալ-Օթայբան, ով սերտ կապեր է պահպանում թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Զայդիի հետ: Գործընթացին ներգրավված ԱՄՆ պաշտոնյաներն էին՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը, նրա տեղակալ Վիկտորիա Քոութսը և Իրանի գծով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը:

2019-ի դեկտեմբերի 21-ին թվիթերյան իր գրառման մեջ ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բեն Զայեդը նշել է, որ «Մերձավոր Արևելքում ձևավորվում է արաբա-իսրայելական դաշինք» և այն անվանել է «իսլամի ռեֆորմացիա»: Մեկ օր անց Իսրայելի վարչապետը պատասխանել է նախարար բեն Զայեդին՝ հորդորելով Աբու Դաբիին՝ առայժմ հեռու մնալ այս խնդրից: «Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդը խոսել է Մերձավոր Արևելքում նոր՝ իսրայելա-արաբական դաշինքի մասին: …Ես միայն կարող եմ ասել, որ այս դիտողությունը բազում շփումների և ջանքերի արդյունք է, որոնց համար այս պահի դրությամբ, շեշտում եմ՝ այս պահի դրությամբ, լավագույնս ծառայելու է լռությունը»,- հայտարարել է Նեթանյահուն դեկտեմբերի 22-ին Իսրայելի կառավարության նիստի սկզբում: Պետք է ասել, որ ԱՄԷ-Իսրայել դաշինքը անակնկալ չէր՝ այս մահմեդական երկրի կողմից ԱՄՆ «դարի գործարքը» սատարելուց հետո: Պաղեստինցիների և աշխարհի մահմեդական բնակչության կողմից մերժված համաձայնագիրը Երուսաղեմը (ալ-Ղոդս) ճանաչում է որպես սիոնիստական ​​պետության «անբաժանելի մայրաքաղաք»: Դրանով նաև ոտնահարվում է պաղեստինցիների հիմնարար իրավունքները, անտեսվում է ՄԱԿ բանաձևերը և միջազգային իրավունքը:

Սակայն, ինչպես փետրվարի 5-ին հաղորդել է իրանական անգլալեզու Press-TV հեռուստաալիքը, իրանական հետախուզական ծառայությունները ժամանակին իմացան դեկտեմբերի 17-ին Վաշինգտոնում ԱՄՆ, Իսրայելի և ԱՄԷ մասնակցությամբ անցկացվող գաղտնի բանակցությունների մասին: Ըստ իրանական հեռուստաալիքի՝ Թրամփի և սիոնիստների նոր հակաիրանական ծրագիրը որոշ մասով չեզոքացվել է: Խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ը նախկինում ևս աջակցություն է հայտնել Արևմտյան Ասիայում իր դաշնակիցների միջև սերտ կապերին, մասնավորապես՝ Իսրայելի ռեժիմի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան 2020 թվականի հունվարի սկզբին՝ «ԱՄՆ-ը անշուշտ ողջունելու է Մերձավոր Արևելքում մեր ամենակարևոր դաշնակիցների և գործընկերների միջև հարաբերությունների ընդլայնումը, սակայն մենք կանգ  չենք առնի մասնավոր դիվանագիտական ​​խոսակցությունների վրա և ոչինչ չենք հայտարարի»։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները ցանկանում էր գաղտնի պահել Իսրայելի մասնակցությամբ նոր հակաիրանական կոալիցիայի ստեղծումը: Սակայն ամերիկացիներին դա չհաջողվեց:

Մենք համարում ենք, որ հիմնավոր է այն վարկածը, թե նոր հակաիրանական դավադրության մասին բացահայտումները Իրանի ԻՀՊԿ հետախուզական ծառայությունների աշխատանքն է: Եվ հետևաբար, մահացած գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին կարող էր առավելագույնս առնչվել նրանց հետ: Եթե ​​Սոլեյմանին խոչընդոտել է այս դավադրության իրագործմանը, ենթադրաբար հենց Բեյրութում, որտեղից նա հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ինքնաթիռով թռավ Բաղդադ, ապա մենք սկսում ենք հասկանալ, թե ինչու են ԱՄՆ-ն և Իսրայելը որոշել իրականացնել ահաբեկչական հարձակում իրանական գեներալի դեմ հենց այդ ժամանակ: Իրանի պատասխան հրթիռային հարվածները ԱՄՆ բազաների դեմ, Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռների ոչնչացումը, տասնյակ հատուկ ջոկատայինների մահվան հետ, գումարած ԱՄՆ ԿՀՎ գեներալ Մայքլ Դ’Անդրեայի «անհետացումը»․ ահա թե ինչն է այսօր ստիպում Թուրքիայի նախագահին բացահայտորեն սպառնալիքներ հնչեցնել Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դեմ: Թուրքերը ցույց տվեցին, որ իրականում նրանք Իսրայելի և Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, և Էրդողանը բղավում է. «Աստանայի գործընթացը» ոչնչացվել է: Այն բանից հետո, երբ Վաշինգտոնում հասկացել են, որ Թեհրանը տեղյակ է դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած նոր հակաիրանական դավադրության փորձի մասին, AXIOS կայքը կազմակերպել է հոդված Սպիտակ տան գաղտնի հանդիպման վերաբերյալ: Այժմ կարևոր է հարցը, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանը, Իրանը և Սիրիան այն փաստին, որ Էրդողանը «վերադարձել է» Թուրքիայի ավանդական դաշնակիցների մոտ:

Սերգեյ Շաքարյանց