Արցախի ներկա իշխանությունների, քաղաքացիների և համայն հայության համատեղ ջանքերով պետք է բացառվեն ապօրինության բոլոր դրսևորումները

Արցախի «Արդարություն» կուսակցությունն Արցախի Հանրապետությունում կայանալիք ընտրությունների քարոզարշավի և արդեն իսկ արձանագրված խախտումների վերաբերյալ այսօր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններն ունեն բացառիկ պատմական նշանակություն՝ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման, պետական ինստիտուտների կայացման, արցախյան հիմնախնդրի լուծման, երկրի զարգացման համար:

Արցախի նախագահի թեկնածուների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է սույն թվականի փետրվարի 26-ին, սակայն որոշ թեկնածուներ արդեն իսկ իրականացնում են քարոզչություն՝ խախտելով Արցախի հանրապետության Ընտրական օրենսգրքով նախատեսված նախընտրական քարոզչության անցկացման հիմնական սկզբունքները՝ հիմնված ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքի վրա:

Արցախի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ արդեն իսկ հանձնարարականներ են տվել իրենց ենթականերին, գյուղապետերին՝ նախագահի թեկնածուներից մեկի օգտին քարոզչություն իրականացնելու առնչությամբ՝ օգտագործելով վարչական ռեսուրսներն ու լծակները: Փաստացիորեն, իշխանությունների թողտվությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապօրինաբար փորձում են ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Մասսայական բնույթ է կրում նաև բարեգործության պատրվակով քաղաքացիներին ինչ-ինչ խոստումներ տալը՝ նաև մասամբ դրանք իրագործելը: Փաստացիորեն, ընտրողներին կա՛մ տրվում է ընտրակաշառք, կա՛մ դա կատարելու խոստում՝ դրանով իսկ փորձելով վաղօրոք ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմում է Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի վերջինս ամբողջությամբ կիրարկի ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացման երաշխավորի՝ իր սահմանադրական պարտավորությունը:

Իրավապահ մարմինների կողմից ժամ առաջ պետք է իրականացվեն գործողություններ, որով կկանխարգելվեն վարչական ռեսուրսի և լծակների օգտագործմամբ որևէ թեկնածուի օգտին իրականացվող ապօրինի աշխատանքները:

Այս համատեքստում հետաքրքիր է, որ ս.թ. փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները, ինչը, մեր դիտարկմամբ, բացահայտ միջամտություն է Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների գործընթացին։ Կարծում ենք, որ այդ հանդիպմանը անհրաժեշտ էր քննարկել հասարակությանը հուզող, անարդարություններով մարդկանց «ձայները գնելու» իրողությունները և դրանց կանխարգելելուն ուղղված գործողությունները: Ուստի, անհասկանալի է այդ ձևական կամ կանխակալ հանդիպումների իմաստը:

Լիահույս ենք, որ հենց վաղը մենք ականատես կլինենք մեր բարձրացրած հարցերի առնչությամբ Նախագահի կողմից գործուն միջամտությանը: Հակառակ պարագայում, չի բացառվում, որ համապետական ընտրություններում մասնակից այլ քաղաքական թիմերի կողմից կատարվեն համապատասխան կանխարգելիչ քայլեր՝ ապօրինությունները բացառելու նպատակով:

Արցախի ներկա իշխանությունների, քաղաքացիների և համայն հայության համատեղ ջանքերով պետք է բացառվեն ապօրինության բոլոր դրսևորումները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի անցանկալի սրման:

Արցախի «Արդարություն» կուսակցություն

ԱՀ, Ստեփանակերտ

07.02.2020թ.