Թագավորը մերկ է

Հետևելով վերջին շրջանի քաղաքական գործընթացներին, չգիտես՝ խնդա՞ս, թե լաս։ Չնայած եթե փորձենք սթափ ու ազնիվ լինել ինքներս մեզ հետ՝ առանց հապշտապ քննադատելու, կհասկանանք, որ այս ամենը 2018 թ․ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Մի՞թե 2018 թ․ հեղափոխական գործընթացներում հարգվում էին օրենքը, մարդու իրավունքները․ ամեն բան արվում էր՝ «ժողովրդի կամքի» հովանու ներքո։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այսօր․ օրինականության, և որ ամենավատն է, Սահմանադրության կոպտորեն խախտում և դարձյալ նույն հովանավորչությամբ։

Բայց եկեք մի պահ կանգ առնենք ու մտորենք։ Եթե 2018 թ․ օրենքի խախտումները՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում, հանրային գույքի վնասում, անձնական վիրավորանք (վստահ եմ՝ հիշում եք ծաղկեպսակները, սև ժապավեններն ու հայհոյանքները) և այլն, հնարավոր էր ինչ-որ կերպ արդարացնել՝ ասելով, թե ժողովուրդը հոգնել է և ուզում է բարեկեցիկ կյանք ու դրա համար այսպես է պայքարում, ապա այսօր ինչո՞ վ պետք է արդարացվի այս ամենը, եթե հաշվի առնենք մի մերկ ճշմարտություն․ արդեն 2020 թ․ է, բայց ժողովուրդն այդպես էլ բարեկեցիկ չի ապրում, փոխարենը կառավարության առջև նորանոր սոցիալական խմբեր են ավելանում՝ իրենց պահանջներով ու չլուծվող խնդիրներով։

Իսկ մի՞թե այդ «չարաբաստիկ» Սահմանադրությունն է խանգարում, կամ ավելի ճիշտ Սահմանադրական դատարանը «ուզուրպացրած» Հրայր Թովմասյանը, որ ժողովրդի սոցիալական վիճակը մնում է անփոփոխ և մի բան էլ կարծես վատթարանում է (հիասթափված և դժգոհող մարդիկ ավելացել են)։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը և անձամբ ինքը՝ նախագահ Ջ․ Բուքիքիոն հայտարարություն տարածեց, իր մտահոգություններն արտահայտելով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ,  կոչ անելով վերհիշել 2019 թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը․ «Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։ Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային»։

Ջ․ Բուքիքիոն իր խոսքում նույնիսկ սթափեցնող կոչ է անում հայաստանյան իշխանություններին․ «Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»:

Հիմա էլ նոր նախաձեռնություն, այն է՝ հանրաքվե, բայց կրկին օրենքի խախտումով։

Արդարացումներ և պատճառներ միշտ էլ կարելի է գտնել, դա ամենահեշտ բանն է, որ հնարավորություն է տալիս զբաղվել ինքնախաբեությամբ, բայց մի՞թե ժողովրդի կյանքը բարելավելու նպատակով իշխանության եկած ուժը իրավունք ունի զբաղվելու ինքնախաբեությամբ։ Մի՞թե ժողովուրդը վստահեց իր իշխանությունը նրանց, որ անձնական խնդիրներ լուծվեն։

Հավատացեք, շատ ավելի հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ կան, և դուք դա լավ գիտեք։ Իսկ ո՞ւր մնացին խոստումները։

Հ․Գ․ «Թագավորը մերկ է»,- ինչպես կասեր փոքրիկ տղան Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթում։

Ժաննա Ծառուկյան