Պարգևավճարների մի քանի կոպեկով ո՛չ կհարստանաք, ո՛չ կաղքատանաք․․․ շարունակեք կանգնած մնալ մեր լեզվի կողքին, ոչ մի քայլ հետ, իսկ ջրերն անպայման զուլալվելու են․․․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  նշելով, որ տևական ժամանակ է, կոմիտեի և կառույցի աշխատակիցների նկատմամբ առանձնահատուկ, կարելի է ասել քամահրական վերաբերմունք է ցուցաբերվում՝ աշխատակիցներին հասանելիք լրավճարներից ու արձակուրդայիններից զրկելու միջոցով։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար նախատեսված 10 միլոն դրամը չի վճարել հասցեատերերին։ Այսինքն՝ նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են։

Լեզվի կոմիտեի աշխատակիցները Ամանորի նախօրեին նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին` փորձելով նրա միջոցով հանգուցալուծել առեղծվածը։ Սակայն կառավարությունից նամակը հասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից էլ` Լեզվի կոմիտե և ի վերջո առանձին գրությամբ նրանց հայտնեցին՝ գումարը տրամադրվել է, բայց չնախատեսված այլ ծախսեր են առաջացել, և գումարը սպառվել է: Հարցադրումը, թե ի՞նչ նպատակով է ծախսվել 10 միլիոնը, մնաց անպատասխան: Ըստ տեղեկությունների՝ նախարարության պատասխանատուները, Լեզվի կոմիտեի ղեկավարները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի հարցը չբարձրաձայնվի, հանրային մեծ տարածում չստանա:

Բայց քաղաքացիները, որոնց իրավունքները ոտնահարվել են, ցանկանում են հասկանալ, թե ինչ միտումով է կոմիտեի հանդեպ նման քաղաքականություն իրականացվում, այն դեպքում, երբ ամբողջ կառավարությունում տարեվերջին և հիմա էլ ճոխ պարգևավճարների միջոցով են փորձում աշխատակիցներին խրախուսել և աշխատելու մղել։

Բաց նամակից իմանում ենք, որ վարչապետին նրանք երկու նամակ են ուղարկել, երկրորդ նամակը ևս հասցեագրվել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած սուպերնախարարություն՝ նորից մնալով անպատասխան։

«Հակառակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային հայտարարության, թե նախարարության համակարգի բոլոր աշխատողներն ստանում են եռամսյակային լրավճարներ, մենք՝ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի աշխատակիցներս, լրավճար չենք ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում։ Չենք ստացել նաև, ինչպես ընդունված է ասել, տասներեքերորդ աշխատավարձ»,- գրված է բաց նամակում։

Մինչդեռ Լեզվի կոմիտեի (նախկին Լեզվի պետական տեսչության) գոյության ողջ ընթացքում, աշխատակիցների հավաստմամբ, նման բան չի եղել՝ 2003 թվականից սկսած։

Նախարարությունից՝ կոմիտեի աշխատակիցների նկատմամբ լրավճարներից ու պարգևավճարներից զրկելու միջոցով ֆինանսական ճնշումները միայն այսքանով չեն սահմանափակվել։ Ամիսներ առաջ նախարարությունը հրաժարվել է նրանց ամենամյա արձակուրդներ տրամադրել՝ հրաժարվելով ընդունել արձակուրդի դիմումները՝ առաջարկելով, որպեսզի աշխատողներն իրենց հաշվին հանգստի գնան՝ պատճառաբանելով, թե գումար չկա, և աշխատավարձերը հազիվ են տալիս։

Լեզվի պետական տեսչության նախկին պետի տեղակալ, ՀԽ անդամ Մարինե Հովյանն անդրադառնալով խնդրին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ  Լեզվի տեսչությունը, որն այսօր վերակազմավորվել է որպես կոմիտե, մեր երկրի մակետն է եղել բոլոր ժամանակներում և քիչ դերակատարում չի ունեցել մեր պետության կայացման գործում։ Ավելին, շատ բաներ սկսվել ու ավարտվել են տեսչությունով։

«Այն եզակի նախկիններից է, որ չի աղտոտվել, գոնե իմ պաշտոնավարության տարիներին։ 2003-2006 թթ․ տեսչության աշխատակիցները տարին 3-4 անգամ լրավճար են ստացել։ Բոլոր ժամանակներում է վատ եղել վերաբերմունքը լեզվի և լեզվի պետական տեսչության նկատմամբ, գրեթե բոլոր կառավարությունների օրոք։ Մեզ չի ներվել այն հանգամանքը, որ մենք աշխատել ենք օրենքի տառը պահելով, գործարքների չենք գնացել և միշտ գերադասել ենք պետական շահը։ Ըստ էության, այս կառույցը միշտ պատժվել է իրապես աշխատելու համար։

Պետական կառավարման համակարգում մի պահ շարժ նկատվեց․ վերևներում իրավացիորեն հասկացան, որ պետք է խրախուսվի մարդկանց լավ աշխատանքը, բայց դա փաստորեն չի վերաբերում այն մարմիններին, որոնց աշխատակիցները նախկիններն են»,- ասաց Մարինե Հովյանը։

Նա իր նախկին գործընկերներին հորդորում է՝ շարունակել իրենց աշխատանքը՝ նույն ջանասիրությամբ ու նվիրումով․ «Ճիշտ եք ասում՝ պարգևավճարների մի քանի կոպեկով ո՛չ կհարստանաք, ո՛չ կաղքատանաք։ Տարիներ շարունակ մենք կոպեկներով ենք կատարել մեր աշխատանքը, թեպետ դա չի խանգարել, որ աշխատավարձի ցուցակները դրվեն համացանցում և անհիմն մեղադրեն մեզ․ ի՞նչ գիտեք, որ սա էլ մի նմանօրինակ նպատակ չի հետապնդում։ Շարունակեք կանգնած մնալ մեր լեզվի կողքին, ոչ մի քայլ հետ։ Իսկ ջրերն անպայման զուլալվելու են․․․»։

Ի դեպ, նկատենք, որ ամիսներ առաջ մեր երկրում օրակարգ էր դարձել նաև բուհերում հայոց լեզվի, հայոց պատմության առարկաները պարտադիր առարկաների ցանկից հանելու և հայեցողական դարձնելու՝ ԿԳՄՍ նախարարության «հանճարեղ» գաղափարը, որին ընդդիմացան հայասեր, հայրենանվեր քաղաքացիները՝ նախարարին ու մերօրյա կառավարությանը մեղադրելով ապազգային, հակահայկական քաղաքականության մեջ։ Եվ հիմա տեսնում ենք, որ նախարարությունը նորից թիրախավորված այն կառույցի հանդեպ է անընդունելի վերաբերմունք ցուցաբերում, որի առաքելությունն է հայերենի անաղարտությունը, պահպանությունը, հասարակության շրջանում դրա գերական նշանակությունն ապահովելը։ Ի՞նչ բնորոշում կարելի է տալ, որ, օրինակ, փողոցում բեմադրված և մեր արժեհամակարգին դեմ ինչ-որ խեղկատակությունների, սեռափոխվածների ու սեռափոխության մասին պատմող անհասկանալի կինոնկարների ֆինանսավորման համար ԿԳՄՍ-ն գումարներ չի խնայում, մինչդեռ այն մարդկանց, որոնք պետականության, երկրի, հայի ու մեր ինքնության պահպանման համար շատ կարևոր գործառույթ են իրականացնում, հայտարարում է, թե բյուջեում գումար չկա։ Մեկնաբանություններն արեք ինքներդ։

Թագուհի Ասլանյան