Փելոսին Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ ժողովրդավարության սպառնալիք (տեսանյութ)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեղադրել է Հանրապետական կուսակցության սենատորներին՝ իմպիչմենտի գործով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արդարացնելու և «փաստերն անտեսելու» մեջ, միաժամանակ նա պետության ղեկավարին անվանել է «ժողովրդավարության սպառնալիք»։ «Իզվեստիայի» տեղեկացմամբ, այդ մասին  Փելոսին հայտարարել է Սենատի որոշման արդյունքների հրապարակումից հետո:

Փելոսին նշել է, որ նախագահը, անկախ քվեարկության արդյունքներից, «ընդմիշտ պատասխանատվության է ենթարկվել», հավելելով, որ Սենատը «ապօրինությունը դարձրել է նորմ և մերժել է սահմանադրությամբ սահմանված զսպվածությունը և հակակշռումը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին (երևանյան ժամանակով՝ փետրավարի 6-ին) Միացյալ Նահանգների կոնգրեսի վերին պալատը իմպիչմենտի գործի շրջանակներում մեղադրանքների երկու մասով արդարացրել է Թրամփին։

Թրամփը և Փելոսին լարված հարաբերությունների մեջ են: Ներկայացուցիչների պալատի խոսնակը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հանդես է եկել գործող նախագահի իմպիչմենտի, ինչպես նաև Իրանի նկատմամբ նրա լիազորությունների սահմանափակման գործընթացի կողմ:

«Երկրի իրավիճակի մասին» ամենամյա ուղերձից առաջ Թրամփը հրապարակայնորեն չի սեղմել Փելոսիի ձեռքը: Դրան հետևել է Փելոսիի «պատասխանը»․ Թրամփի ելույթի ավարտին Փելոսին պատռել է նրա ելույթի տեքստը։