Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 40 մարդ, 26-ն արդեն դուրս են գրվել

Հայաստանում կորոնավիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող 40 հիվանդ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրսգրումները շարունակվում են), 14 հիվանդ դեռևս հոսպիտալացված է: Բոլորն ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր: Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի:

Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:

Այս պահին իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է, նոր կորոնավիրուսային վարակով դեպքեր չեն արձանագրվել, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ համագործակցված շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել, չտարածել ապատեղեկատվություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին և բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից: