ԱՆ-ում մինի բռնապետ են նստեցրել, որը վախեցնում է աշխատանքից ազատելով, գլխին գործ սարքելով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի թեման առողջապահական հաստատությունների փակումն է՝ օպտիմալացման, առողջապահական ծառայությունների որակը բարձրացնելու, առավել արդյունավետ դարձնելու պատճառաբանությամբ։ Առողջապահության նախարարությունն արդեն հասցրել է փակել Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերը։ Հաջորդիվ բողոքի մեծ ալիք բարձրացրեց մարզային կենտրոնների ծննդօգնության բաժինները փակելու կառավարության որոշումը և խնդիրը դեռ հանգուցալուծում չստացած, հունվարի 30-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացնել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին։ Կառավարության այս քայլը ևս դժգոհությամբ ընդունվեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» ողջ անձնակազմի կողմից։

Առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի տեղեկացմամբ, այդ կենտրոնը երկար տարիներ՝ 30 տարի, աշխատել է մեծ արդյունավետությամբ, իսկ 2016 թվականին կենտրոնի շնորհիվ Հայաստանն ստացել է մորից երեխային ՁԻԱՀ-ի փոխանցումը կանխելու ուղղությամբ կատարված արդյունավետ, գովելի աշխատանքների մասին հավաստագիր։ Մինչդեռ կառավարությունը մեկ գրչի հարվածով և գաղտնի ընթացակարգով, քանի որ հարցն ընդգրկված էր չզեկուցվողների ցանկում, կենտրոնին զրկեց ինքնուրույն, առանձին գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ զրկելով առանձին շենքից ու տեխնիկական սարքավորումներից։

«Վերջին երկու տարվա ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատում է գաղտնի ռեժիմում, չի հրապարակում այն նախագծերը, հրամանները, որոնք աղմկահարույց են լինելու, ինչը և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» դեպքում եղավ և պատահական չէր, որ կենտոնի անձնակազմը բավականին սուր ընդունեց այդ որոշումը և բաց նամակ հրապարակեց։ Ես, իհարկե, հասկանում եմ օպտիմալացման խնդիրը՝ հնարավորինս քիչ շենքեր պահել, ինչը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, միավորել կոլեկտիվները, բայց տվյալ դեպքում նախարարութունն այլ հիմնավորումներ է ներկայացնում։ Օրինակ՝ վերացնել ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ խտրականությունը, խարանը։ Բայց արդյո՞ք արդեն հաղթահարվել է այն խնդիրը, որ այդ մարդկանց վրա խարան չկա, և երկու կենտրոնները միացնելու դեպքում այդ հիվանդների համար համապատասխան էթիկական նորմերը կպահպանվեն, կամ այլ տեսակի հիվանդություններ ունեցողները կցանկանան դիմել ինֆեկցիոն հիվանդանոց՝ իմանալով, որ այնտեղ այդպիսի խնդրով պացիենտներ կան։ Մենք հարցին հակառակ կողմից ենք մոտենում»,- ասաց բժիշկը։

Խոսելով մարզային ծննդատները փակելու քաղաքականության մասին՝ Գևորգ Գրիգորյանն ասաց, որ դա ամենևին էլ արդարացված չէ և հիմնավորված չէ։ «Չկա հստակ չափորոշիչ, թե ինչու են ծնունդների համար շեմ սահմանել 150-ը, հաշվարկված չէ՝ արդյո՞ք տվյալ բնակավայրին կից ծննդատունը տարեկան այնքան ծնունդ չի ընդունում, որ որակ չապահովի։ Եթե Երևանում մեկ միլիոն բնակչության դեպքում, օրինակ, մեկ ծննդատունն ընդունում է 10 հազար ծնունդ, ապա 5 հազար բնակչություն ունեցող համայնքում 100 ծնուդը լավ ցուցանիշ է։ Քանի դեռ նման հաշվարկներ չկան, ինձ համար առողջապահության նախարարի փաստարկները նշանակություն չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում