Արդյոք սա չի՞ նշանակում, որ հաջորդ հեղափոխությունը հաստատ թավշյա չի լինելու, քանզի մեզ այսպիսի «վտանգավոր թավիշներ» հարկավոր չեն

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ք. Միլան, Իտալիա

Հարգելի պարոն վարչապետ, հուսով եմ՝ հիշում եք Ձեր հանդիպումը Միլանի հայկական եկեղեցում տեղի համայնքի հետ: Ձեզ գրում է Միլանի հայկական համայնքի ներկայացուցիչներից նույն անձը, որը Քարահունջի հետ կապված հարց էր ուղղել Ձեզ:
Նախ, որոշ օբյեկտիվ ( խոսափող չունենալը) և սուբեկտիվ հանգամանքներց ելնելով որոշեցի տեղում չարձագանքել Ձեր տված պատասխանին, թեև այն իմ մեջ իսկական փոթորիկ առաջացրեց: Ուստի որոշեցի ժամանակ թողնել նաև այլոց հարցեր տալու համար: Բայց ամենակարևորը՝ վերջին ջանքերը գործադրել Ձեզ հավատ ընծայելու համար: Մինչդեռ հնթացս ստացվող տեղեկատվությունը, որին ծանոթանում եմ ուղղակիորեն Ֆեյսբուքի, Save Qarahounjh նախաձեռնության միջոցով (որը ի դեպ կազմված է գիտնականներից , մասնագետներից ու սրտացավ, գիտակից հայերից) թույլ չի տալիս ավելի համբերատար լինել, քանի որ բոլոր կողմերից հնչող ահազանգերը հիմնված են կոնկրետ փաստերի վրա, իսկ մինչ փաստերին անդրադառնալը, որոնց մասին մասնագետները շատ ավելին կասեն քան ես, որոշեցի այնուամենայնիվ ուղղել Ձեզ իմ ասելիքը նամակի տեսքով, թեև ուշ բայց ոչ ուշացած…

Հարգելի Վարչապետ, բուն իրադարձությունների ֆոնին շատ հրատապ է դառնում նամակով անդրադառնալ Ձէր պատասխանին, քանի որ այն պարունակում էր շատ մտահոգիչ տեսակետ և ոչ ադեկվատ հայտարարություն ՝ առ այն, որ մենք հայերս դեմ ենք գիտական հետազոտություններին, և դուք զարմանում եք «այսպիսի մտածելակերպի» վրա: Այնինչ իմ հարցով ես ընդգծեցի գիտական հետազոտությունների կարևոր լինելը, շեշտեցի այնպիսի ֆիզիկոս, աստղագետ, երկրաչափ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ակադեմիկոս Պարիս Հերունու և շոտլանդացի հնագետ Գրահամ Հենքոքի անունները, որոնք ամեն ինչ ասում են, և ես մեղավոր չեմ, որ Դուք չեք ընդունում ակադեմիկոս Պարիս Հերունուն, բայց այդ մասին մի փոքր ուշ:
Վերջիններս բազմամյա, բազմածավալ հետազոտություններ են արել և ապացուցել, Քարահունջը աստղադիտարան է, մեզ հայերիս համար դա միանշանակ է՝ հաշվի առնելով ոչ միայն վերոնշյալ գիտնականների ապացույցները, այլև աշխարհում նրա որպես այդպիսին ճանաչումը, աստղադիտարանի  համբավը: Ուստի ակնկալում էի, որ իմ հարցի մեջ Դուք կընկալեիք գիտական հետազոտության դերի և նշանակության և դրանք նսեմացնող, բայց գիտության հարթակը լքել չցանկացողների նենգ գործողությունների տարբերությունը:

Մինչ Դուք Միլանի հայկական եկեղեցում բարձրագոչում եք, թե Ձեր կառավարության օրոք մեր ազգային մշակույթը բացառիկ պաշտպանության տակ է լինելու, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել (իհարկե եթե տեղյակ չեք), որ վերջին մեկ տարում արդեն 35 մեգալիթներ անհետացել են հուշարձանի վայրից, մնացածը, որոնք դեռ տեղում են, վնասված են․ քանդված են դրանց տակի հենասյուները, և մեգալիթները բաց լինելով ձյան և անձրևի ազդեցությամբ շատ հեշտությամբ կքանդվեն և շուռ կգան, մի քանիսն արդեն թեքվել են, վայր ընկել: Մինչդեռ քարերի ճշգրիտ դիրքն է, որ ապահովում է նրանց գործառույթը:
«Պեղումներ» անողները ջնջել են նաև քարերի համարները, որը ակնհայտորեն դժվարացնում է նրանց նույնականացումը և վերականգնումը ըստ նախկին քարտեզի: Սա ուղղակիորեն տանում է հուշարձանի գիտական արժեքի կորստյանը:
Այս հնագետները իրենց հետազոտությունները կատարում են ոչ այլ կերպ, քան էքսկավատորներով և վերամբարձ կռունկներով, որոնցով էլ ակներևաբար մենհիրները տեղահանվում և հեռացվում են տարածքից: Մի՞թե սա գիտական հետազոտություն է Ձեզ համար։ Մեզ համար հաստատ՝ նենգափոխման և հուշարձանի սկզբնական նշանակության խափանման բացահայտ փորձ:

Դուք Ձեր խոսքի տողատակում հղում արեցիք այն մտքին, թե մեր ժողովուրը այնքան փակ է, որ դեմ է որևէ գիտական հետազոտության և դա անվանեցիք «խայ-տա-ռա-կութ-յուն»: Սա Ձեր կողմից իրականությունը շուռ տված ցույց տալու միտում է, իրականությանը չառերեսվելու ցանկություն: Մինչդեռ մենք ցանկանում ենք պաշտպանել նույն պնդումը ՝ առ այն, որ մեր նախնիները եղել են հենց այդպիսին՝ հետազոտող, պրպտող, գիտական մտքով օժտված, բաց գիտության հանդեպ: Եթե հայերը բաց միտք և տաղանդ չունենային, հազարավոր տարիներ առաջ ընդունակ չէին լինի աստղադիտարան կառուցելու: Ուստի, ծիծաղելի են ժամանակակից ներմուծումները, ինչպիսիք են բաց մտքի կոնցեպտը (open mindedness). ժամանանակին Քրիստոնեություն ներմուծեցին, որպեսզի «սիրենք մեր թշնամուն», ապա մի լավ կոտորեցին, հիմա էլ «բաց միտք» են քարոզում, որ իրենց ուզած ավերածությունները կատարեն՝ ջնջեն հայի հետքը ամենուր, և պատահական չէ ընտրված վայրը:
Հիշեցնեմ, որ Ֆրանսիայում Քարնակը, Շոտլանդիայում Քալենիշը, Անգլիայում Սթոունհենջը և այլ նմանատիպ մեգալիթյան կառույցները, որոնք նույնպես աստղադիտարաններ են համարվում, վաղուց փակված են պեղումների համար: Որովհետեւ այս երկներում նոր չեն ծանոթացել «բաց» լինելու հմայքին և «Տասը մնասի» առակին, ավելի բարձր են կանգնած: Նրանք ամեն ինչ իրենց համաչափության սահմաններում են գործարկում՝ այսինքն պետությունը խիստ մասնագիտական հոգածության և վերահսկողական գործառույթներ է իրականացնում, եթե անգամ գիտական հետազոտության կարիք կա, դա տեղի է ունենում նեղ մասնագետների բացառիկ հսկողության տակ, հաշվետվություն պահանջելով, ոչ թե մի պաշտոնյայի, որը վարչական լծակների է տիրապետում և առանց վստահելի մասնագետների հետ քննարկման, առանց տեղում լինելու, առանց հաշվետվություն պահանջելու պեղումներ անելու թույլտվություն է տալիս: Իսկ պեումների թույլտվությունը եղել է 2014 թվականին։ Ընդ որում այդ պեղումները ոչ այլ ինչ են, քան վանդալիզմ:

Իհարկե, ես որպես աշխատանքի հոգեբան շատ լավ հասկանում եմ «բաց մտքի» դերն ու նշանակությունը առօրյայում և աշխատանքային միջավայրում, բայց սա այն պարագան չէ, որ բաց լինել քարոզելու քողի տակ թույլ տանք, որ մեզ կտրեն մեր պատմությունից, ծաղրեն Քարահունջը, ավերեն այն: Առավել ևս այն պարագան չէ, որ այն դիտվի «Տասը մնասի» առակի լույսի ներքո, որին հղում կատարեցիք, որովհետև այդ «պեղումները» և նրանց բարոյական հենքը ուղիղ հակասության մեջ են ունեցածը օգտագործելու և նոր բարիքներ ստեղծելու կոնցեպտի հետ: Ուստի եկեք չվատնենք մեզ և բաց լինելով հանդերձ բացենք նաև մեր աչքերը և ոտձգություններին տեղ չտանք: Հակառակ դեպքում, այս «հնագետները» ավելի համարձակ կկանգնեն տուրիստների առջև այս անգամ վերջնականապես «հաղթանակած»՝ ծաղրելու Քարահունջ- աստղադիտարանը , որպես հայերի հնագույն աստղադիտարան:
Այստեղ արժե նշել մեկ կարևոր հանգամանք ՝ նորօրյա հնագետները ժխտում են աստղագետի, ֆիզիկոսի, ակադեմիկոսի կողմից այն աստղադիտարան լինելու փաստը: Եթե Ձեզ համար գիտություն և գիտական հետազոտություն եզրույթները շատ բազմախոստում են, ապա չե՞ք կարծում, որ այստեղ մասնագիտական կոմպետենցիայի տեսանկյունից մեծ անհամաչափություն կա: Այսինքն՝ որևէ հնագետ կոմպետենտ է իր գործում, բայց երբ նա իրեն թույլ է տալիս ժխտել որևէ հաստատում, որը իր մասնագիտական կոմպետենցիայից դուրս է (տվյալ դեպքում աստղագիտությունը, ֆիզիկան, երկրաչափությունը, համակցված մեկ այլ հնագետի հաստատման հետ), չե՞ ք կարծում, որ ակնհայտ է հուշարձանի նենգափոխման միտումը: Եվ վերջապես, որտե՞ ղ էին այս հնագետները ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք՝ ոչ վաղ անցյալում։ Պատասխանը պարզ է՝ թաքստոցում էին, քանզի հակափաստարկներով չէին կարող հանդես գալ, որովհետեւ կոմպետենտ չեն և բացի հնագետ լինելուց՝ ոչ ոք են: Իհարկե, կարողացել են գերատեսչություններ գրավել և բոլոր վարչական լծակները մոնոպոլիզացնել: Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը:

Ուստի, այն, որ այստեղ նենգ միտում կա ՝ Քարահունջը, որպես դամբարանադաշտ հռչակելու, կասկածից վեր է, սա պարզ կլիներ անգամ մի դպրոցական աշակերտի և հարկ չկա Եգիպտոս հասնել ՝ ընդհանրություններ որսալու և դրանց մեջ սփոփվելու:
Ձեր այն նույն դիտարկումը, որ իբր Եգիպտոսի բուրգերում նույնպես գիտական հետազոտություններ են կատարվում և դրանում ոչ մի սարսափելի բան չկա՝ ընկալվում է որպես ընդհանրացման փորձ, որի ժամանակ հաշվի չի առնվում տվյալ դեպքի (case), հուշարձանի, նրա գիտական նշանակության և առանձնահատկությունների քննարկման և համեմատականներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Հետևաբար համոզիչ չէ և չի բխում խնդրի հետ առճակատվելու պատրաստակամությունից:
Եգիպտոսում, նույնիսկ եթե պեղումներ են կատարվում, այնտեղից ոչ բուրգերն են անհետացել, ոչ էլ բուրգերի «աչք ու ունքն» է ծռվել: Իսկ Քարահունջում ճիշտ հակառակն է:

Ես ապրելով Իտալիայում երկար տարիներ և ճանաչելով իտալացիների իրենց ամեն մի հնությունը պահպանելու և շրջանակի մեջ վերցնելու բնածին հակումը, դրան ավելացրած պետական բարձր հոգածությունը, որը երբեք հակասությունների մեջ չէ իր քաղաքացիների կարծիք հետ՝ դժվարությամբ եմ հարմարվում մեզանում առկա իրավիճակի հետ․ մենք մեր հնամյա երկրում մեծ ճիգեր գործադրելով ենք պահպանում մեզ պատկանող պատմությունը և հազարամյա հուշարձան – գանձերը, արժանանում ենք որոշ պաշտոնյաների քամահրանքին և որակվում որպես «տգետ ազգայնականներ»:

Կուզենայի ինձ հետ կատարված մի փոքրիկ դեպք պատմել։ Մի անգամ աշխատանքի բերումով Միլանում պետք է սպասեի մի շենքի առջև, և քանի որ երկար էի սպասել, որոշեցի նստել բակում տեղադրված մի կիսանդրու նեքևի քարե պատվանդանին (գրեթե գետնին հավասար), քիչ հետո ոստիկանը եկավ և ասաց, այնտեղ նստելն արգելված է, ես իհարկե ենթարկվեցի և ներողություն խնդրեցի: Հիմա կասեք սա այն դեպքը չէ, բայց ամեն ինչ այս մակարդակից է սկսվում, սա կուլտուրա է, զգայուն լինելու որոշակի մակարդակ …., հարգանք:
Ես կարծում եմ, որ եթե Ձեր կառավարության որոշ անդամներ տեղի ունեցող վայրագությունների մասին ահազանգերից հետո նույնիսկ ադեկվատ չեն արձագանքում՝ ասելով, թե ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, ապա այս պաշտոնյաները նախևառաջ զգայունակության հետ խնդիր ունեն, նրանց հետ պետք է աշխատել…

Այս ամենի ֆոնին, այո,՛ համաձայնեք, որ շատ երևութներ ցավոք միայն Հայաստանում են առկա որպես այդպիսին, երբ վանդալիզմը հրամցվում է որպես «գիտական հետազոտություն կամ պեղում», կառավարությունը հոխորտում է, իսկ գիտակից, մտահոգ և սրտացավ հանրությունը անճարակությունից չգիտի ուր գնա՝ Եգիպտոս թե Իտալիա:

Միթե՞ Իտալիան Իտալիա կլիներ, եթե ամեն մի «չուզող» գար և քլունգը ձեռքին սկսեր քանդել, որովհետև այլ հավակնություններ ունի: Ուստի, հարգելի Վարչապետ, գիտությունից, գիտական հետազոտությունից խոսելուց, շրջանառության մեջ դրեք խնդրում եմ նաեւ ԿՈՄՊԵՏԵՆՏ, ՀԻԵՐԱՐԽԻԱ , ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ բառերը և ամեն ինչ իր տեղը կընկնի: Եվ ցանացած հաջորդ «հետազոտող» նախ իրեն հաշիվ կտա, թե ում թեզերն է ժխտում: Պարիս Հերունու գիտական ահռելի ներդրումը ես չէ, որ պետք է գնահատեմ, նման հսկաներ բոլոր ազգերը չունեն, ավելին՝ շատ եվրոպական ազգեր կերազեին նման դեմք ունենալ, իսկ Ձեզ համար նա ընդամենը մի «հովիվ պապիկ» է, եթե սա ասեր մի սովորական քաղաքացի, ըմբռնելի կլիներ, բայց եթե սա երկրի վարչապետն է ասում՝ ուղղակի ամոթ է, չեմ ասում «խայ- տա-ռա-կութ- յուն»։ Որպեսզի չկրկնեմ Ձեր բառերը, միգուցե ուրևէ ածական-հոմանիշ Դուք առաջարկեք:

Եվ ընդհանրապես, պարոն Վարչապետ, չե՞ ք կարծում, որ հեղափոխությունը ավելի լուրջ և համապարփակ երևույթ է: Քանզի այն խորություն և լայնություն է ենթադրում փոփոխությունների մեջ: Դուք, որ շատ եք սիրում կրկնել, թե հեղափոխություն եք արել, այն էլ թավշյա՝ ոչ բռնի, որակական և 360 աստիճանով պետք է փոխեիք այն խնդիրները և հարցերը, որոնց ժողովուրդը սպասում էր, այլ ոչ թե հատվածական կամ ընտրովի քայլեր անեիք, ինչն ինքըստինքյան ասոցացվում է Ձեր կերպարի հետ, որպես լիդեր:
Ցավով ենք արձանագրում, որ Ձեր դիրքորոշումը Քարահունջի վերաբերյալ համընկնում է Ձեր կառավարության դիրքորոշմանը:

Երբ Ձեր տարածքային և ենթակառուցվածքների նախարարը (Պապիկյան), ի պատասխան խորհրդարանում Քարահունջի վերաբերյալ հնչող հարցին, պատասխանում է իբր իրենք (այսինքն դուք, որովհետև մեկ թիմ եք) կեղծ արժեքներ չեն պաշտպանում, ամեն ինչ կանգ է առնում …

ՉԱՓԱՑԱՆՑ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ Է։
Հարց է առաջանում՝ պարոն Պապիկյանը որ՞ սանդղակով որոշեց Քարահունջի կեղծ արժեք լինելը, իրեն ո՞ւմ տեղն է դրել, ո՞ր գիտնականի, ո՞ր բարոյական իրավունքով է դա հայտարարում:

Այսօրինակ երևույթները, ցավով եմ ասում, բայց միայն Հայաստանի նման հետամնաց երկրում կարող են լինել: Երբ մի նախարար իրենից մեծ և անպատասխանատու հայտարարություններ է անում, որովհետև նախարար է: Թե՞ դեռ նախքան հեղափոխությունը արդեն հստակ պատկերացում ուներ «իրական» և «կեղծ» արժեքների մասին: Արդյո՞ ք սա չի նշանակում, որ երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ Հայաստանը Ձեզանով խանդավառված Ձեր միջոցով ուզեց հեղափոխություն անել, մի փոքր վրիպեց՝ անվերապահ հավատ ընծայելով:
Թեև հավատ ընծայելը առաքինություն է, իսկ այդ հավատը այսպես ասած «զեղչով» ընդունելը ոչ այլ ինչ է, քան սեփական կերպարն ուրվագծելը:
Արդյո ք սա չի նշանակում, որ հաջորդ հեղափոխությունը հաստատ թավշյա չի լինելու, քանզի մեզ այսպիսի «վտանգավոր թավիշներ» հարկավոր չեն: Հաջորդ հեղափոխությունը լինելու է արժեքների զտման հեղափոխություն և ոչ միայն, և մեր պատմության, հուշարձանների վանդալները իրենց սիրած «կամազներով» և էքսկավատորներով հեռացվելու են Հայաստանից:

Մենք ամբոխավարական Հայաստան չենք ուզում: Հայաստանը Հայաստան է իր պատմությամբ, մշակույթով, դրա մաս կազմող հուշարձաններով:
Որեւէ երկիր կարող է մի օր բարգավաճել տնտեսապես, դա միշտ լավ է, բայց եթե երկիրը իր դիմագիծը չունի՝ այսինքն մշակույթ, այն միշտ մնալու է ձեռք բերելու տիրույթում, այլ ոչ թե «լինելու» տիրույթում:
Ուստի մենք ՝ Իտալիայում բնակվող հայերս, որոնք տեղյակ են Քարահունջի հետ կատարվող վայրագություններին, նախևառաջ միանում և մեր զորակցությունն ենք հայտնում «Փրկենք Քարահունջը» նախաձեռնող խմբին (որպես բացարձակ վստահելի խմբի, որն ի դեպ ղեկավարում է ակադեմիկոս Պարիս Հերունու դուստրը՝ Նանա Հերունին)՝ պատրաստ աջակցելու ինչով հնարավոր է և պահանջում ենք վերադարձնել գողացված մեգալիթները, անհապաղ ծածկել տեղում մնացած մենհիրների հիմքերը՝ փրկելով նրանց վերջնական կորստից և քրեական պատասխանատվության ենթարկել հնագետի անվան տակ գործող վանդալներին:

Հարգանոք՝ Նունե Մարգարյան

Աշխատանքի, կազմակերպությունների և մարդկային ռեսուրսների հոգեբան,
Բոլոնիայի hամալսարան