Ես շատ ուրախ եմ, որ «Ֆեյսբուքը» նշում է իր ծննդյան տարեդարձը, քանի որ դա նշանակում է նրա մահը․ բլոգեր Անատոլի Շարի

«Ֆեյսբուքը» նշում է ծննդյան տարեդարձը

Սոցիալական ցանց ստեղծելու Մարկ Ցուկերբերգի առաջին փորձը ձախողվել է․ Հարվարդի համալսարանի վարչակազմը, որտեղ նա այդ պահին սովորում էր, հրաժարվել էր նրան աջակցել։ Այնուհետև նա որոշել է գործել ինքնուրույն՝ կոտրել է  Հարվարդի տվյալների բազան և ստեղծել Ֆեյսմաշ (Facemash) ինտերնետային պորտալը: Կայքում տեղադրվել էին ուսանողների լուսանկարները, իսկ օգտատերերին առաջարկում էին ընտրել առավել հաջողվածները: Պորտալը կարճ ժամանակում շատ հայտնի դարձավ, իսկ տվյալների բազան կոտրելու պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց:

Երիտասարդ ծրագրավորողն իր նոր նախագիծը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, գործարկել է հանրակացարանի իր սենյակում, 2004 թվականի փետրվարի 4-ին: Շուտով կայքում հայտնվել  են առաջին հաշիվները, իսկ որոշ ժամանակ անց այդ ռեսուրսը դարձել է Հարվարդի ուսանողների համար հաղորդակցության առաջատար համակարգ: Օգտատերերի շրջանում մեծ ժողովրդականություն ձեռք բերելով`ցանցը սկսել է տարածվել նախ ԱՄՆ-ում, այնուհետև ամբողջ աշխարհում։

Այսօր «Ֆեյսբուքը» միջազգային ամենամեծ սոցիալական ցանցն է, նրա լսարանը ընդգրկում է ավելի քան երկու միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։ Իսկ նրա հիմնադիրը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ դոլարային միլիարդատերը և աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (ըստ «Ֆորբսի»): Ավելին, նրա ստեղծած կորպորացիայում Ցուկերբերգի պաշտոնական աշխատավարձը կազմում է ընդամենը 1 դոլար: «Ֆեյսբուքի» ստեղծողն իր հարստության մեծ մասը ծախսում է բարեգործական ծրագրերի վրա:

Գիտե՞ք, որ «Ֆեյսբուքը» ձեզ հետևում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք օգտագործում

Գաղտնիք չէ, որ «Ֆեյսբուքը» հավաքում է հսկայական տվյալներ իր օգտատերերի մասին՝ ներառյալ ջնջված և թերի գրառումները, ինչպես նաև տեղեկություններ սոցիալական ցանցից դուրս մարդկանց ինտերնետային գործունեության վերաբերյալ:

Բայց ահա քիչ հայտնի ևս մի փաստ. պարզվում է, որ ընկերությունը վերահսկում է ոչ միայն նրանց, ովքեր անընդհատ օգտագործում են կայքը, այլև նրանց, ովքեր ընդհանրապես չունեն ֆեյսբուքյան հաշիվ:

Իսկ «Ֆեյսբուքի» ինչի՞ն է պետք, որ մեզ հետևի

Առաջին հերթին՝ ստեղծել արդյունավետ գովազդ, որը կցուցադրվի միայն այն օգտատերերին, որոնց բնութագրերը բավարարում են գովազդատուների պահանջները: Նման գովազդը կոչվում է նպատակային, այսինքն՝ ուղղված է որոշակի հետաքրքրություններով մարդկանց խմբին: Անձի ինտերնետային ակտիվությանը հետևելը թույլ է տալիս ընկերությանը եզրահանգումներ անել տվյալ  օգտատիրոջ նախասիրությունների վերաբերյալ, որպեսզի հետագայում ցույց տան այն գովազդները, որոնք, ամենայն հավանականությամբ, հետաքրքրում են նրան:

Ի՞նչ է նրան հայտնի մեր մասին

Ավելի շատ բան, քան պատկերացնում ենք, նույնիսկ այն, ինչը մենք ցույց չենք տալիս։ Օրինակ՝ գովազդի նախապատվությունը, հասցեները և հեռախոսահամարները, կրթության մակարդակը և եկամուտը, տան կառուցման արժեքը, մակերեսը և տարեթիվը: Այս տվյալները կարելի է ստանալ՝ վերլուծելով մեր ակտիվությունը համացանցում, նույնիսկ «Ֆեյսբուքի» սահմաններից դուրս, ինչպես նաև այն տեղեկատվությունը, որը մեր ընկերները կիսվում են ցանցում: Ընդ որում, հաշիվը ջնջելը չի ջնջի ձեր մասին տեղեկատվությունը տվյալների շտեմարանից`դրանք ընդմիշտ պահպանվում են այնտեղ։

«Ֆեյսբուքը» հետևում է նույնիսկ նրանց, ովքեր հաշիվ չունեն

Համաձայն Բելգիայի տվյալների պաշտպանության գործակալության ուսումնասիրության՝ ընկերությունը վերահսկում է օգտատերերի այցելած էջերը, նույնիսկ եթե նրանք դուրս են եկել իրենց ֆեյսբուքյան հաշվից, ջնջել են այն, կամ ընդհանրապես երբեք չեն գրանցվել այդ սոցիալական ցանցում:

Ինչպե՞ս է դա հնարավոր: Հետազոտողները պնդում են, որ «Ֆեյսբուքը» հետևում է մեր գործողությունները մեր համակարգիչների բրաուզերներում առկա cookie-ի ֆայլերի միջոցով: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք այցելում ենք բիզնեսի էջ կամ հանրահայտ անձանց էջերը, որի դիտումը հասանելի է առանց սոցիալական ցանցում հաշիվ ունենալու:

Ինչպե՞ս  խուսափել «Ֆեյսբուքի» հետևելուց

Եթե ​​դուք «Ֆեյսբուքի» օգտատեր եք, ապա տվյալների վերլուծության մասնագետ Վիկի Բոյկիսի հրահանգները կօգնեն ձեզ․

  • Փորձեք չհրապարակել չափազանց շատ անձնական տեղեկություն:
  • Ձեր երեխաների լուսանկարները մի՛ հրապարակեք, հատկապես, եթե նրանք դեռ այն տարիքում չեն, որպեսզի թույլատրեն դրանց հրապարակումը:
  • Արգելափակեք գովազդները:
  • Սոցիալական ցանցերի Ձեր հաշվից դուրս եկեք, երբ ավարտել եք այն օգտագործել, իսկ ավելի լավ է՝ օգտագործեք առանձին բրաուզերներ «Ֆեյսբուքի» և մնացած ամեն ինչի համար:

Ինչո՞ւ են օգտատերերը հրաժարվում «Ֆեյսբուքի» իրենց հաշիվներից

«Ֆեյսբուքի» առաջադեմ օգտատերերը հրաժարվում են իրենց հաշիվներից։

Պատմաբան Յարոսլավ Գրիցակը երկու տարի առաջ հրաժարվելով ֆեյսբուքյան իր հաշվից, նշել է, որ իր բաժանորդների և մեկնաբանների սերտ շրջապատը ստեղծում է այլընտրանքային իրականություն, ինչը խանգարում է համարժեք ընկալել աշխարհը և տեսնել իսկապես կարևոր բաներ:

Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիին «Կոմսոմոլսկայա պրավդայի» եթերում մեկնաբանել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ծննդյան տարեդարձը․

«Ես շատ ուրախ եմ, որ «Ֆեյսբուքը» նշում է իր ծննդյան տարեդարձը, քանի որ դա նշանակում է նրա մահը: Վերջերս այս սոցիալական ցանցը դարձել է խայտառակությունների հսկայական փոս: Գրաքննության ենթարկվելով՝ նա չի նկատում ատելություն հրահրող գրառումները, մարդասպանության կոչ անելը, դիակների լուսանկարը տեղադրելը»,- նշում է Շարիին:

Իսկ բոլորովին վերջերս «Ֆեյսբուքի» հետ իր «հաշիվները մաքրեց» ամերիկյան նշանավոր գրող Ստիվեն Քինգը։

Պատրաստեց Ծովինար Մանուկյանը