10-ամյա աղջկա կյանքը 44 մլն դոլար արժեցավ՝ լուսացույցի փոխարեն մետաղական կոնստրուկցիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը։

Երևանի թիվ 52 դպրոցի մոտակայքում մոր հետ Շիրակի-Արտաշիսյան փողոցի խաչմերուկում փողոցը հատելիս ողբերգական ավարտով վրաերթի էր ենթարկվել դպրոցի սաներից մեկը՝ 10-ամյա աղջնակը։ Սոնա Աղեկյանի հավաստմամբ՝ փողոցի այդ հատվածում վրաերթերը եզակի չեն, և խնդիրն էլ նոր չէ, քանի որ ճանապարհային երթևեկությունը կարգավորող կահավորանք չկա, անցումային գծանշումներն էլ մաշվել են և գրեթե չեն երևում, իսկ իրավասու կառույցները՝ ՀՀ ոստիկանությունն ու քաղաքապետարանը, քայլեր չեն ձեռնարկում նման դժբախտությունները կանխելու համար։

Նախորդ շաբաթ դպրոցում բողոքի ակցիա էին նախատեսել դպրոցի սաների ծնողները, ուսուցիչները և դպրոցի շրջանավարտները, սակայն անհասկանալի պատճառներով` ակցիան չկայացավ։ Սոնա Աղեկյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանից բողոքի ակցիայի մասնակիցների վրա ճնշում էր գործադրվել, սպառնալիքներ էին հնչել, և նրանք ստիպված են եղել չեղարկել ակցիան։

Մինչդեռ բողոքի ձայներին ականջալուր լինելով՝ օրերս փողոցի այդ հատվածում ընդամենը մոտակայքում երեխաների մասին զգուշացնող նշան են տեղադրել։ Այդքանով ավարտվել է պատկան այրերի հոգատարությունն ու պարտավորությունները քաղաքի բնակիչների նկատմամբ։ Բայց նրանք նույն անփութությամբ չեն վերաբերվում իրենց պարգևավճարներին ու բարձր աշխատավարձերին։

«Քաղաքապետարանում, տեղական ինքնակառավարման մարմիններում չինովնիկներն իրենց աշխատանքի հանդեպ պատասխանատվություն չունեն, քանի որ նրանք չեն աճել ու հասել իրենց պաշտոնին։ Շենգավիթ վարչական շրջանում թաղապետ է 26-ամյա մի թրաշամանուկ, որը մինչև այդ որևէ տեղ չի աշխատել։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ ի սկզբանե հրապարակված էր, թե նա 4 բարձրագույն կրթություն ունի, իսկ երբ հայտարարեցի, թե մեր թիմի միջոցով պարզելու ենք՝ ե՞րբ է հասցրել այդ չորս բարձրագույն հաստատութունն ավարտել, երկու ուսումնական հաստատությունների մասին տեղեկությունները անհետացան նրա կենսագրությունից»,- ասաց նախաձեռնության ղեկավարը։

Ըստ նրա՝ երբ թիվ 52 դպրոցի տնօրենը մոտ մեկ ամիս առաջ թաղապետարանին խնդրել էր կարգավորել դպրոցի դիմաց երթևեկությունը՝ կամ անցումը վերացնելով, կամ  այդ մասում լուսացույց տեղադրելով, թաղապետը գրավոր պատասխանել էր, որ նպատակահարմարություն չկա այդ հատվածում անգամ որևէ նշան տեղադրելու։

Մանրամասները՝ տեսանյութում