Փետրվարի 4-ից ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոններ

2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները, հայտնել  է Դաշնային մաքսային ծառայության կայքը:

ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել:

Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող են օգտագործվել կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն), հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այդ միջոցներն ուղղված են դրամական միջոցների անդրսահմանային տեղաշարժի հայտնաբերմանը և դադարեցմանը, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման կամ հանցավոր եղանակով ստացված միջոցների օրինականացման համար:

ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: