Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստում դատարանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպաններին, ովքեր չէին ներկայացել նախորդ դատական նիստին, քանի որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել էին սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չէր արձագանքել միջադեպին:

Դանիբեկյանը պաշտպանների պատճառաբանությունից հետո պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել։

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանյալների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը»,- ասել է նախագահող դատավորը:

Նա նշել է, որ դատարանն արձանագրում է՝ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն․«Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդեվանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականությունները, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալով, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեց կիրառել դատական սանկցիա` նկատողության տեսքով»,- հավելել է Դանիբեկյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանի հարցին՝ բողոքարկման ենթակա՞ է որոշումը, Դանիբեկյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե պաշտպանները գտնում են, որ բողոքարկման ենթակա է, թող բողոքարկեն։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդներից մեկն ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։

Եվ փաստաբանները չէին մասնակցել նախորդ երկու դատական նիստերին՝ համարելով, որ դատարանը խախտում էր հավասար մրցակցության սկզբունքը։