Թուրքիան չեղարկել է Սիրիայում Ռուսաստանի հետ համատեղ պարեկությունը

Սիրիայի հյուսիսում ռուս-թուրքական համատեղ պարեկությունը չեղարկվել է: Այս մասին տեղեկացրել է «En Son Haber» լրատվականը:

Պատճառը Սիրիայի կառավարական զորքերի կողմից թուրքական դիրքերի հրթիռակոծումը և թուրքական կողմի կորուստներն են: Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով առաջացած լարվածությունը ռուս-թուրքական հարաբերություններում թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնքել էին հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որն ավարտվել է հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամ հետո: Նշված ժամկետի ավարտից հետո Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվում էր ռուս-թուրքական համատեղ պարեկություն: