Թաիլանդի բժիշկները ստեղծել են դեղերի համադրություն` կորոնավիրուսը բուժելու համար

Պարզվել է, ՁԻԱՀ-ի և գրիպի դեմ դեղամիջոցների համադրությունը արդյունավետ է եղել Թաիլանդում 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդի բուժման համար։ Այս մասին գրել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Թայլանդի առողջապահության նախարարության հայտարարությունը:

Հիվանդը՝ 71-ամյա չինուհին, ընդունվել է Բանգկոկի Ռաչավիտի հիվանդանոց՝ նոր տիպի թոքաբորբի ծանր ախտանիշներով: Բժիշկները, մասնավորապես, համադրել են «Օսելտամիվիր» դեղամիջոցը, որն օգտագործվել է մերձավորարևելյան շնչառական հիվանդությունների բուժման համար, և ՁԻԱՀ-ի դեմ կիրառվող «Լոպինավիր/Ռիտոնավիր» դեղամիջոցը։ Դեղերի ընդունումից 48 ժամ անց լաբորատոր հետազոտությունը կորոնավիրուսի բացասական արդյունք է գրանցել:

Թաիլանդի առողջապահության նախարարությունն այժմ սպասում է ուսումնասիրության լրացուցիչ արդյունքների՝ ստացված տվյալները հաստատելու համար: Թագավորությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 է։ Կորոնավիրուսով կասկածվող ևս 382 մարդ հսկողության տակ է։

Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Մասնագետները պարզել են, որ հիվանդության պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է: Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 304 մարդ, վարակվել՝ մոտ 14,4 հազար մարդ: Չինաստանի սահմաններից դուրս՝ 20 երկրներում, գրեթե 100 մարդ ևս հիվանդացել է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել միջազգային մակարդակով։