Պարոն Հակոբյան, Ձեր քայլը ողջունելի կլիներ, եթե առաջարկեիք վերանայել հայկական եթերով հրամցվող աղբը

Օրերս մամուլում բուռն քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսը, որտեղ նշվեց հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին:

ՀՀ-ում ռուսական դեսպանատունը արձագանքել է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանը՝ հանրային մուլտիպլեքսից օտարերկրյա հեռուստաալիքները բացառելու անհրաժեշտության մասին, նշելով, որ ռուսական հեռուստաալիքների «ազգային անվտանգությանը սպառնալիքների» մասին թեզը տարակուսելի է:

Ըստ ռուսական դեսպանատան հայտարարության, Հակոբյանը հունվարի 29-ին ասել է, որ արտասահմանյան ալիքները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից՝ տեղեկատվական և լեզվական անվտանգությունից ելնելով:

Ուշադրություն դարձրինք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Միևնույն ժամանակ զարմանքով  տեղեկացանք այս ամենի վերաբերյալ ՌԴ դեսպանի և Հակոբյանի պայմանավորվածության մասին, ըստ, որի իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ բավական վաղուց կայացած միակ հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած՝ առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Հարկ է հաշվի առնել նաև ռուսաստանյան ալիքների մշտական ​​լսարան ապահովող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, նշված է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում են 27 հեռուստաընկերություններ, այդ թվում՝ երեք ռուսական հեռուստաալիք՝ «Первый канал», «Россия», «Россия Культура», ինչպես նաև միջազգային հեռուստառադիոընկերություն «Мир», և ամերիկյան CNN-ը։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը․ նշելով, որ նա չի օգտագործել «ռուսական հեռուստածրագրեր» բառակապակցությունը, այլ խոսել է հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման անհրաժեշտության մասին:

Փաստենք, որ օտարերկրյա հեռուստաալիքների մեջ մտնում են նաև ռուսականները։

ՀՌՀ նախագահն ընդգծել է, որ նա չի օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել է տեղեկատվական և լեզվական անվտանգության մասին:

Նա գրել է․ «Մի փորձեք «կռվեցնել» Հանձնաժողովն ու Ռուսաստանի մեր գործընկերներին, չի ստացվի», այնուհետև ձեռնոց է նետել իրեն հակառուս անվանողներին՝ գրելով․ «Եվ վերջում. նրանց, որոնք մեծ ջանասիրությամբ առաջ են տանում իմ հակառուս լինելու մասին թեզը, հրավիրում եմ մրցույթ անցկացնել, թե քանի ժամ կարտասանենք Պուշկինի, Լերմոնտովի, Մանդելշտամի բանաստեղծությունները, նրանց կնվիրեմ հայերենից ռուսերեն իմ թարգմանած ժողովածուները և այլն…»։

Պարոն Հակոբյան, Ձեր քայլը ողջունելի կլիներ, եթե առաջարկեիք վերանայել հայկական հեռուստաընկերություններով ամեն օր ցուցադրվող, չեմ վարանի ասել, աղբը։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ ռուսական հեռուստաալիքների ցուցադրման սահմանափակումը հայ հասարակության կողմից բուռն արձագանքի արժանացավ։ Պատասխանեմ՝ ցավով եմ նշում, որ ռուսական հեռուստաալիքներով շատ ավելի հետաքրքիր, ժամանցային, ուսուցողական և ինտելեկտուալ հաղորդումներ են ցուցադրվում՝ ի տարբերություն հայկական հեռուստաալիքների (խոսքը ոչ բոլորին է վերաբերում), որտեղ փողոցային ժարգոնից, իրար սպանելուց, մորթելուց, անպատվելուց, հնդկական բազմամիլիոնանոց սերիալներից բացի՝ որևէ դիտարժան հաղորդում չի ցուցադրվում։ Արդյո՞ք սա չի փաստում այն մասին, որ հայ հասարակությունը «պլինտուսի» մակարդակից վաղուց բարձրացել է, բարձրացել է նաև հանրային պահանջը։ Այստեղ առկա է նաև լեզվի գործոնը, քանզի հայերի մեծամասնությունը, հատկապես բարձր տարիքային շեմ ունեցողները կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «սովետի մարդիկ» (գրածիս մեջ հեգնանք չփնտրել), լավ են տիրապետում ռուսերենին և հաճախ են դիտում ռուսական հեռուստաալիքներ։

Թող ասածներս ամենևին էլ որպես ռուսամետություն չընկալվի, բայց ռուսական հեռուստաալիքների ցուցադրությունը սահմանափակելու, առավելևս բացառելու փոխարեն, ավելի արդյունավետ կլինի՝ վերանայել հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող ծրագրերը, դրանք վերազինել և վերարժևորել։ Ես, լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, մեծագույն հաճույքով կդիտեմ հայկական ֆիլմարտադրության գլուխգործոցներից, պատմական փառահեղ էջերից դրվագներ, արվեստի, գրականության գործերին կծանոթանամ, քան սկիզբ ու վերջ չունեցող և ոչինչ չասող սերիալներ կդիտեմ։

Անշուշտ, ավելի արդյունավետ կլիներ, եթե զինված լինեինք հզոր հեռուստատեխնիկայով, ներուժով, մասնագետներով,  ունենայինք բազմաբովանդակ հայկական հեռուստածրագրեր։ Այդժամ ինքներս չէինք դիտի ռուսական, ամերիկյան, չինական կամ այլ հեռուստաալիքներ։ Սակայն իրավիճակը գնահատենք ներկա դրությամբ։ Կարծում եմ, հետաքրքիր կլիներ բացի ռուսական, ամերիկյան հեռուստաալիքներից, ունենալ նաև մեր հարևան երկրների լեզվով՝ իրանական, վրացական հեռուստաալիքներ, ինչու չէ, նաև թուրքական։ Հաճելի է, չէ՞, երբ լսում ես, որ օտար երկրում հայկական հաղորդում են ցուցադրում, թեկուզ մի քանի ժամով, ինչու նույնը չի կարելի անել նաև Հայաստանում։ Ինչ վերաբերում է որոշ հեռուստաալիքների ցուցադրության սահմանափակման անհրաժեշտությանը կամ բացառմանը, կարծում եմ, դա ընդունելի կլինի, եթե այդ հեռուստաալիքներով ցուցադրվեին մեր ազգային շահերը ոտնահարող ծրագրեր, հակահայկական պրոպագանդա իրականացվեր, այդժամ մենք ինքներս դեմ կարտահայտվեինք, և կպահանջեինք դրանց դադարեցումը։

Եվ վերջում մի փոքրիկ հավելում․ հեռուստատեսությունը հեռուստատեսություն, ծրագրերը ծրագրեր, բայց այս ամենի մեջ կա  նաև քաղաքականություն, մենք միշտ պնդում ենք, որ մեր հարևանները քաղաքականության մեջ ավելի ճկուն են, իսկ մի՞թե մենք դրա կարիքը չունենք։ Այնպես որ, պարոն Հակոբյան, մտածելու բան կա։

Դուք խորհուրդ տվեցիք՝ հատկապես ջահելներին չապրել ամերիկյան, ռուսական, իրանական, չինական ֆորպոստի բնակչի հոգեբանությամբ, ձգտումներով և պատկերացումներով:

Հ Գ Խորհուրդ հատկապես մեծերին, բավական է հնդկական սերիալներ դիտեք, անցեք բրազիլական սերիալներին, դրանք ավելի հետաքրքիր են։

Լուսինե Այրապետյան