Կարուզոյից հզոր ձայն. 12-ամյա հայուհին ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում (տեսանյութ)

12-ամյա Միլեն Կարանյանի անունը 2019 թվականի դեկտեմբերին ներառվել  է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երգչուհի:

Միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ երիտասարդ աղջիկը ցույց է տվել, որ օժտված է ձայնային եզակի դիապազոնով`բարիտոնից մինչև քնարակոլորատուրային սոպրանո. համադրություն, որը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում:

Rusarminfo-ին Միլենի մայրը՝ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ Հասմիկ Կարանյանը, պատմել է, որ իրենց ընտանիքն արմատներով Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից է:

Միլենը ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա 2017-ին, բայց նա առաջին անգամ երգել է Գյումրիում, վեց տարեկանում, մասնակցելով և հաղթելով իր կյանքի առաջին մրցույթին: Աղջիկն ինքնուրույն զբաղվել է երաժշտությամբ. նախ սովորել է կիթառ նվագել, այնուհետև` դաշնամուր:

Ռուսաստանում մեկ տարում Միլենը մասնակցել և հաղթել է մի շարք միջազգային մրցույթների: Այժմ նա արդեն երեք մենահամերգ է տվել:

«Մասնագետները պնդում են, որ Միլենի ձայնն իր հզորությամբ գերազանցում է իտալացի հայտնի օպերային երգիչ Էնրիկո Կարուզոյի ձայնային հնարավորությունները»,- ասել է Հասմիկ Կարանյանը:

Այժմ Միլեն Կարանյանը «Ձայնը» շոուի մասնակիցներ Սերգեյ և Նիկոլայ Հարությունովների հետ պատրաստում է «Երեք սերունդ» երաժշտական ​​նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են համերգներ Հայաստանում և Ռուսաստանում: