ՁԻԱՀ-ի տարածման լուրջ մարտահրավերներ ունենք, և ՁԻԱՀ-ի կենտրոնը փակելը չմտածված քայլ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և նույն կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը։

Կառավարությունը հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, հողամասը հետ վերցնել կազմակերպությունից: Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն գրացվելուց հետո այն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Ըստ էության, այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է, իսկ նրա գործառույթները ստանձնում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը: Կենտրոնի բուժանձնակազմը և աշխատակիցները իրենց դժգոհություն են հայտնել այս գործընթացի վերաբերյալ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ հղելով և հույս ունենալով, որ իրենց ձայնը լսելի կլինի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու կենտրոնների միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ  հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումն է:

Նշվում է նաև, որ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք: Ուստի կենտրոնի միացումը Հիվանդանոցին այդ պարագայում դրականորեն կանդրադառնա հիվանդների բուժման կազմակերպման գործընթացի վրա` բարձրացնելով բուժման արդյունավետությունը:

Հիմնավորումներից մեկն էլ ՄԻԱՎ վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա խտրական վերաբերմունքն է, ակնկալում են, որ վերակազմակերպումը կնպաստի նաև մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության վերացմանը:

Արշակ Պապոյանի և Ժանետա Պետրոսյանի հավաստմամբ՝ բոլոր այդ հիմնավորումները պատճառաբանված չեն, հետևաբար կյանքի իրավունք չունեն։ Մինչդեռ իրենց կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման և այդ վարակով հիվանդներին մեծածավալ ծառայություններ մատուցելու գործում։

Արշակ Պապոյանն ասաց, որ գործընթացը թափանցիկ չի իրականացվել, իրենց հետ մասնագիտական քննարկումներ, հանրային լսումներ չեն եղել։ Չնայած առողջապահության նախարարը տարբեր առիթներով հայտարարում է ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս մասնագետների կարծիքը հաշվի առնելու կարևորության և անհրաժեշտության մասին։

Մյուս կողմից էլ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի` որպես առանձին կառույցի գոյությունն ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, իսկ որոշումը հակասում է այդ օրենքին։

Մանրամասները՝ տեսանյութում