Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները

«Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման խնդիրները» թեմայով այսօր կայացած հանրային քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկություն­ները՝ ի տարբերություն մյուս քննչական մարմինների, ասաց․«Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները։ Սա կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը»։

Նախարարի խոսքով՝ ավելի լավ լուծում կլինի ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ՝ ավելի նեղ մասնագիտական գործառույթների համար՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների և մասնագետների ներգրավումը։

«Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով և քննչական, և օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, և այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- ընդգծեց Բադասյանը։