Պաշտոնական հաղորդագրությունը տասը ժամ տևած բանակցություններից հետո բավական ժլատ էր․ Кommersant.ru

Ռուսական Кommersant.ru-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին՝ ժնևյան հանդիպմանը:

Երկարատև աշխատանքի արդյունքում հրապարակվեց բավականին ընդհանրական հայտարարություն, որից ակնհայտ է, որ չնայած հիմնական խնդիրները չեն լուծվել, կողմերը մտադիր են շարունակել 2019-ից սկսած «փոքր քայլերը»: Նախևառաջ, դա լրագրողների և հասարակական գործիչների փոխադարձ այցելությունների մասին է: Միևնույն ժամանակ, Բաքուն և Երևանը ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ արտգործնախարարները հանդիպել են հինգ անգամ: Գրել է Кommersant.ru-ն։

«2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումն անսովոր երկար էր: Հունվարի 29-ին այն տևեց ավելի քան յոթ ժամ, ևս չորս ժամ՝ հունվարի 30-ին։ Բայց սա ամենը չէ, հիմնական բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել է հակամարտության կարգավորման միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սա չի կարելի անվանել ռեկորդային. արցախյան հակամարտության պատմության ընթացքում ավելի երկարատև բանակցություններ են եղել: Այնուհանդերձ Բաքվում դրանք անվանվել են «վերջին տարիների ամենաինտենսիվը»:

Միևնույն ժամանակ, մինչև հինգշաբթի երեկո ոչ մի արտահոսք չի եղել այն մասին, թե ինչ են խոսել նախարարները:

Սակայն ակնարկ կար, որ հանդիպումը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից: Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներից մեկն է՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ: «Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ»,- հակիրճ նշել է մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զրույցը կայացել է Փարիզի նախաձեռնությամբ: Զրույցի բուն փաստը շատ բան է ասում. համանախագահող երկրների նախագահները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցությունների հենքին:

Պաշտոնական հաղորդագրությունը տասը ժամ տևած բանակցություններից հետո բավական ժլատ էր։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը «քննարկել են 2019 թվականին ներկայացված առաջարկությունները, մասնավորապես՝ երկու ժողովուրդների խաղաղության նախապատրաստում, հումանիտար փոխանակում»։ Բաքուն հատուկ ուշադրություն է դարձրել Հելսինկյան եզրափակիչ ակտին`1975 թ. փաստաթղթին, որն ամրագրում է սահմանների անձեռնմխելիությունը:

Անցած տարի, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, հայ լրագրողներին թույլատրվել է մուտք գործել Ադրբեջան, և հակառակը: Դրանից հետո, ինչպես գրել է «Կոմերսանտը», փոխայցելությունները որոշել են շարունակել՝ գործընթացում ներգրավելով ոչ միայն լրագրողների, այլև հասարակական և մշակութային գործիչների:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը գործնականում չի տարբերվում, այնտեղ խոսվում է 2019 թվականի առաջարկությունների և կարգավորման սկզբունքների մասին, ինչպես նաև հաստատվել է մոտ ապագայում կրկին հանդիպելու ցանկության մասին:

Այնուհանդերձ, գրել է «Կոմերսանտը», հղում անելով երևանյան աղբյուրներին, Զոհրաբ Մնացականյանը կրկին խոսել է բանակցությունների ձևաչափով «Արցախի ընտրված իշխանություններին» ընդգրկելու անհրաժեշտության մասին:

Այժմ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր հայտարարում է, որ նա պետք է ներառվի բանակցությունների գործընթացին: «Ղարաբաղի իշխանությունները վերահսկում են Ղարաբաղի տարածքը, այնտեղ բնակվող բնակչության օրինական ներկայացուցիչներն են: Եվ առանց նրանց, առանց նրանց համաձայնության, խաղաղ կարգավորումն անհնար է: Հետևաբար, մեր դիրքորոշումն այն է, որ բանակցությունները պետք է լինեն եռակողմ՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ»,- պարզաբանել է «Կոմերսանտի» աղբյուրը:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, իր հերթին, «Կոմերսանտին» է ներկայացրել այս հարցում Բաքվի դիրքորոշումը: «Երբ ասում են «Արցախի ընտրված իշխանություն», ես ուզում եմ հարցնել. ո՞ւմ կողմից ընտրված: Եղել են էթնիկ զտումներ, և ադրբեջանցիները վտարվել են իրենց տարածքներից: Ինչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

Ճանաչել Արցախի ադրբեջանական համայնքը, որը գոյություն ունի հասարակական կազմակերպության ձևով, Երևանը իսկապես հրաժարվում է: «Իր պատմության ընթացքում Արցախը երբեք չի եղել երկկողմանի միավոր,- անցած տարեվերջին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: – Անգամ խորհրդային տարիներին Արցախը հայկական ինքնավարություն էր, չնայած ադրբեջանցիների վերաբնակեցման միջոցով ժողովրդագրական իրավիճակը փոխելու Բաքվի փորձերին»:

Ժնևյան հանդիպումը տեղի է ունեցել նախորդ հանդիպումից երկու ամսից էլ քիչ ժամանակ հետո։ 2019 թվականի դեկտեմբերին Բրատիսլավայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախարարները: Ավելին, պարոն Մամեդյարովն այնտեղ է ժամանել անմիջապես իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, որը ժամանել էր Բաքու: Հենց Սերգեյ Լավրովն էր պնդել «փոքր քայլերի» անհրաժեշտության մասին, ինչը, նրա կարծիքով, կարող է նվազեցնել լարվածության աստիճանը և մոտեցնել երկարատև հակամարտության լուծմանը:

2019 թվականին արցախյան հակամարտության կարգավորման հարցում համեստ, բայց հոգեբանական տեսանկյունից  նշանակալի հաջողություններ են գրանցվել ինտենսիվ բանակցությունների շնորհիվ․ արտգործնախարարները հանդիպել են հինգ անգամ: Այս տարի կողմերը մտադիր են պահպանել այդպիսի տեմպը, ուստի պայմանավորվել են նորից հանդիպել «մոտ ապագայում»»:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը