Քաղաքաշինական պետական տեսչությունն ստուգումներ է իրականացրել կառուցվող, վերանորոգվող և վերակառուցվող որոշ օբյեկտներում

2019 թվականին ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից պատվիրվել է 228 օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

«Արցախպրեսի» տեղեկացմամբ, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացրած 172 օբյեկտների նախագծային փաստաթղթեր ներկայացվել են փորձաքննության:

«Քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲ ընկերության կողմից փորձաքննության է ենթարկվել 135 օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր. հատկացվել է 31 մլն դրամ: Մշակվել է 1 օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթուղթ` 4 մլն դրամ: Նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունն ստուգումներ է իրականացրել ԱՀ տարածքում կառուցվող, վերանորոգվող և վերակառուցվող 6 օբյեկտներում: Վերահսկել են 293 հանձնված օբյեկտների հետերաշխիքային ժամանակահատվածում շինարարական աշխատանքների որակը: Մասնակցել ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ստեղծված շահագործման ընդունման հանձնաժողովների կազմում 225 ավարտված շինարարական օբյեկտների հանձնման գործընթացին: 2019 թվականի ընթացքում նախարարության կողմից համապատասխան հայտերի սահմանված կարգով քննարկումից հետո 47 կազմակերպությունների տրամադրվել է քաղաքաշինության բնագավառի 52 լիցենզիա: Դադարեցվել է 24 կազմակերպությունների 30 լիցենզիաների գործունեությունը»,-մանրամասնել է նախարարը:

Նրա խոսքով՝ հաշվետու տարում հաստատվել են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱՀ օրենքի նախագիծը, ԼՂՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 24-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» 87-Ն որոշումը: Մշակվել և համաձայնեցման է ներկայացվել «Արցախի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  ԱՀ կառավարության որոշման նախագիծը: Ներկայացվել և ընդունվել են թվով 43 անհատական որոշումներ: