Հայաստանի ոստիկանության գործողությունները հիշեցնում են Ադրբեջանի ոստիկանության գործողությունները (տեսանյութ)

Նյուրնբերգյան գործընթացից հետո անօրինական հրամանը կամ հորդորը կատարողն անձնապես պատասխանատու է

 «Ադեկվատ» միաբանության համահիմնադիրներ Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին, «Հասարակական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին և ընդդիմադիր այլ գործիչներին ասֆալտին փռելու, բերման ենթարկելու ոստիկանության գործողությունից հետո, ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը պետք է հրաժարական տա։

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը հիշեցնում է՝ «Նյուրնբերգյան գործընթացից հետո կա սկզբունք՝ անձնական պատասխանատվությունն անօրինական հրամանը կամ, մանավանդ, հորդորը կատարողի»։

Տիկին Ալավերդյանի հավաստմամբ, հայտնի գործողություններն ուղղակի հարված էին Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թուլացվել է մեր երկիրն այլոց աչքերի առջև։ Մեր զրուցակիցը միաժամանակ նշեց, որ Հայաստանում անցած դարի սկզբին ու Կենտրոնական Աֆրիկայի երկրներին ավելի ներհատուկ գործելաոճը չի անցնելու, Հայաստանում գրագետ, պետությանը նվիրված ժողովրդի մասը տասնապատիկ գերակշռում է այն ծվծվացող, հայհոյող, իրեն ամբողջ ժողովուրդ ներկայացնող մասին։

«Ժողովուրդը բաղկացած չէ հայհոյող, 50-նն անց, հասուն տարիքի, բայց տհաս մտքով մարդկանցից, թող ոչ մեկը չմոլորվի,- ասաց Լարիսա Ալավերդյանը։- Այն, որ կիրթ մարդիկ իրենց զուսպ են պահում և արտահայտվում են պահ առ պահ և ոչ թե՝ այսպես աղմկոտ, թող դա մոլորության մեջ չգցի նույն այդ իշխանության եկած խմբին, ես չեմ էլ կարողանում նրանց քաղաքական ուժ անվանել։ Այդ քաղաքական խումբն իրեն զրոյացրեց այս երկու օրվա ընթացքում։ Եթե այդպիսի գործողությունները հաճույք են պատճառում այդ ամբողջ խմբին, հասկանալի է, որ այն քաղաքական ուժի հետ որևէ մի աղերս չունի։ Այն իրոք խումբ է, և Հայաստանն արժանի չէ խմբապետության»։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի հավաստմամբ, այսօր ոստիկանությանը ցեխի, կեղտի մեջ գցելու համար նախևառաջ պատասխանատվությունը կրում է ոստիկանապետի պաշտոնակատարը։ Ի դեպ, տուժող կողմ է նաև ոստիկանությունը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերող մասով նրանք կրում են անձնական պատասխանատվություն ցանկացած որոշման, ցանկացած գործողության համար։

Ըստ տիկին Ալավերդյանի, զարմանալի չէ, թե ժամանակին ինչու հրաժարական տվեցին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ երևույթին, նրանք հրաժարվել են կատարել ամեն մի նորմի չհամապատասխանող այն ծրագրերը, որոնց հետ իրենց ծանոթացրել են նոր իշխանությունները։

Մանրամասները՝ տեսանյութում