Մոսկվայում կայացել է Լևոն Հայրապետյանին նվիրված «Ազգային բարեգործ» ֆիլմի առաջնադիտումը

Հունվարի 30-ին Մոսկվայում ցուցադրվել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին նվիրված «Ազգային բարեգործ» ֆիլմը։ Այս մասին տեղեկացրել է «Արցախպրեսը»։

Ֆիլմը «ժողովրդական» էր, այնպես, ինչպես Լևոն Հայրապետյանն էր: Նկարահանման աշխատանքներում ներգրավված էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում նրա ընտանիքի անդամները: Ֆիլմի գաղափարակիրը և պրոդյուսերը Տիգրան Մանասյանն է:

Ֆիլմում մասնակցություն են ունեցել ու Հայրապետյանի հետ կապված իրենց հուշերով ու պատմություններով կիսվել ականավոր գործիչներ Ալեքսանդր Շիրվինդը, Մարկ Զախարովը, Դմիտրի Դիբրովը, Արա Աբրահամյանը, Ջիվան Գասպարյանը, Գագիկ Զաքարյանը, Մալխասը և նրանք, ովքեր գիտեին ու շփվում էին Մեծ հայի հետ:

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չեխիայում, Հայաստանում և Արցախում, որտեղ հանդիպումներ են անցկացվել Լևոն Հայրապետյանի ծանոթների և ընկերների հետ: Ֆիլմը նվիրված է բարերարի 70-ամյակին և ողբերգական վախճանին:

Մոսկովյան և երևանյան ցուցադրումներից հետո «Ազգային բարեգործ» ֆիլմը կտեղադրվի համացանցում: