Մեկ-երկու ամսից ՍԴ-ն ազատվելու է և հայտնվելու նոր Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի մեկ-երկու ամսից հետո։

«Ես ասացի, թե ինչքան ժամանակ կարող է տևել, բայց չասացի, թե ի՞նչ գործընթացներ կլինեն։ Փակագծեր չեմ  բացի։ Իրավական գործընթացների մասին է խոսքը, որտեղ լուծումներ են լինելու։ ՍԴ-ը, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու է և հայտնվելու նոր Հայաստանում՝ ուզի, թե չուզի Հրայր Թովմասյանը»,- ասաց  Սիմոնյանը։

Հարցին՝ եթե Թովմասյանի հետ կապված խնդիրը լուծվի, արդյոք  դարձյալ իշխանությունը կգնա՞ սահմանադրական բարեփոխումների, Սիմոնյանը պատասխանեց.

«Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ բարեփոխումներով կլինի դա։ Ես կարծում եմ՝ շատ ավելի շուտ այդ հարցը կարելի է լուծել բարեփոխումներով»,- ասաց Ալեն Սիմոնյանը ըստ էության հակադրվելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մատնանշած առավել երկար ժամկետներին։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ սահմանադրական բարեփոխումների լավագույն դեպքում հնարավոր կլինի հասնել մինչև տարեվերջ։