Առողջապահության նախարարությունը նախ պետք է վերլուծեր միջհամայնքային լոգիստիկ և ինֆրակառուցվածքային խնդիրները․ Նարեկ Զեյնալյան

Քննարկվել է ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների պետական ֆինանսավորման դադարեցման հարցը

Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով:

ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների պետական ֆինանսավորման դադարեցմանը, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ կփակվեն: Նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել դադարեցնել տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատների պետական ֆինանսավորումը:

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ներկայացրել է որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումները: Նա նշել է, որ այդ  կենտրոնները չունեն  անհրաժեշտ մասնագետներ, զինված չեն համապատասխան սարքավորումներով՝ անհրաժեշտության դեպքում մոր և մանկան կյանքը փրկելու համար: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն: Նաև նշվել է, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության՝ որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք շարունակվելու է փոխհատուցվել ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

Քննարկմանը մասնակցող մարզային բուժհաստատությունների տնօրենները դժգոհել են նախարարության որոշման դեմ՝ փաստելով, որ իրենց մոտ երբևէ նորածնի և ծննդկանի մահ չի արձանագրվել: Նրանք հույս են հայտնել, որ ծննդատները փակելու փոխարեն նախարարությունը քայլեր կձեռնարկի զարգացնելու բուժկենտրոնները, ներգրավվելու որոշ մասնագիտությունների գծով երիտասարդ կադրերի:

Անդրադառնալով հանձնաժողովի անդամների այն հարցին, որ բուժհաստատությունների աշխատակիցները գործազուրկ կդառնան՝  Արտյոմ Սմբատյանն ասել է, որ մի մասը նույն բուժհաստատություններում համատեղությամբ այլ ծառայություններ է մատուցում: Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկել բժիշկների մյուս մասին այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ քննարկման արդյունքում պարզվել է, որ հարցը բավարար չափով չի քննարկվել մարզպետարանների և բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: «Ծննդօգնության ֆինանսավորման դադարեցման պայմաններում համապատասխան բաժանմունքները շարունակելու են գործել, քանի որ կառուցվածքային փոփոխություն չի իրականացվել, բացակայում են նշված ծառայություններում ներգրավված բուժաշխատողներին աշխատանքից ազատելու հիմքերը և շարունակում է գործել ծննդօգնության ծառայության լիցենզիան, ինչի հետևանքով անորոշ իրավիճակ է առաջանում:  Հայտնի դարձավ նաև, որ մի շարք կենտրոններում սարքավորումներով հագեցվածության հետ կապված նախարարության ունեցած տվյալները և նշված բուժհաստատությունների տնօրենների կողմից ներկայացված իրավիճակը միմյանց չեն համապատասխանում»,-ընդգծել է Նարեկ Զեյնալյանը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ գործընթացը սկսելուց առաջ նախարարությունը նախ պետք է վերլուծեր միջհամայնքային լոգիստիկ և ինֆրակառուցվածքային խնդիրները, ինչպիսիք են օրինակ՝ ծննդկաններին այլ բուժհաստատություններ տեղափոխելու համար շտապօգնության տրամադրման, ԲԿ-ների անձնակազմին աշխատանքի տեղավորման հարցերը, հղիներին 2-րդ և 3-րդ մակարդակների ծննդատներ ուղեգրելու վիճակագրությունը և այդ վերլուծության հիման վրա պետպատվերի տրամադրման կամ կասեցման վերաբերյալ որոշում կայացվեր: Նա նաև խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ հարցը չի քննարկվել բյուջետային քննարկումների ընթացքում:

Հանձնաժողովն առաջիկայում կամփոփի քննարկման արդյունքները, կկազմի համապատասխան եզրակացություն և կներկայացնի Կառավարություն: