Դոնի Ռոստովում կբացվի լեգենդար հայ հետախույզի թանգարանը

Դոնի Ռոստովում կստեղծվի խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը։

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ թանգարանի կառուցման համար հողակտոր է հատկացվել քաղաքի կենտրոնում՝ Սերաֆիմովիչի փողոցում։

Գևորգ Վարդանյանը ծնվել է Ռուսաստանի հարավային մայրաքաղաք Դոնի Ռոստովում և քաղաքի պատվավոր քաղաքացի է։ 2012 թվականին Գևորգ Վարդանյանի անունով Ռոստովի «Աստղերի պողոտայում» անվանական աստղ է տեղադրվել։

Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ ամենահայտնի հետախույզներից էր։ Նրա հետախուզական գործունեությունից հանրությանը հայտնի է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր երեք խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին հանդիպել է Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնել իր պապի կյանքը փրկելու համար։