Այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է․Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 2016 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված Ապրիլյան պատերազմի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկություններն է փոխանցել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին: Այս մասին Օհանյանն ասել է հունվարի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Դեռ  ավելին` մեր բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում կարողացել են կանգնեցնել մարտական գործողությունները»,- ասել է Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից նաև բացթողումներ են եղել:

«Մենք քննարկել ենք, եղել են տարբեր բացթողումներ և տարբեր թերություններ: Ասացեք մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ: Սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն: Ճակատագրական սխալներ չեն եղել: Հանձնաժողովի հետ ջերմ քննարկում ունեցանք, այդ քննարկումների արդյունքում հանձնաժողովն իր եզրակացությունը կանի»,- նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում վերահաստատած այն տեսակետին, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է․ «Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Սրան վերջակետ դրեք»,- նշել է Սեյրան Օհանյանը։