Ճապոնիան Չինաստանից տարհանում է իր քաղաքացիներին

Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենտրոնը: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել է Տոկիոյի Հանեդա օդանավակայան: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղևորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղևորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն: Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել ևս երկու ինքնաթիռ՝ իրենց քաղաքացիների տարհանման համար:

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են հայրենիք տարհանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին և այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչև երկու շաբաթ ժամկետով:

Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները: