Այդ բանավեճի մեջ բովանդակություն ուղղակի չկա

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ Սիմոնյան-Վանեցյան հեռակա բանավեճին` ասել է․ «Որևէ կերպ չեմ գնահատում, քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ բովանդակություն ուղղակի չկա»:

Դիտարկմանը, թե ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վանեցյանը միջնորդել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իշխանությունների համագործակցության համար, ի՞նչ շահ ուներ  նա և ինչո՞ւ պետք է նման քայլի դիմեր, փոխվարչապետն արձագանքեց.
«Կդժվարանամ մեկնաբանել՝ պարոն Վանեցյանի շահերը որտեղ են եղել և ինչում են կայացել, բայց կարծում եմ՝ պարոն Սիմոնյանը բավականին մանրամասնորեն անդրադարձել է իր հարցազրույցում այդ հարցին»:
Վանեցյանի՝ պետական հեղաշրջմանը որևէ կերպ առնչություն ունենալու մասին փոխվարչապետն ասել է. «Ես կդժվարանամ նման գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, ինքն իրենով բավականին խոսուն է»: