Թուրքիայում հոսպիտալացվել են տասնյակ մարդիկ կորոնավիրուսի կասկածով

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Թուրքիայի Կապադովկիա նահանգում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կապադովկիայի նահանգապետ Աքսարայ Ալի Մանտին:

«Հիվանդության ախտանշանները ի հայտ են եկել զբոսաշրջիկներից մեկի մոտ, իսկ որպես նախազգուցնող քայլ՝ զբոսավարը, ավտոբուսի վարորդը և զբոսաշրջիկի հետ կապի մեջ գտնվող ևս 8 մարդ մեկուսացվել են»,-նշել է Մանտին:

Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում: