Վարչապետի խոսքը վերլուծող չեմ, նույն է՝ վերլուծել ֆբ գրառումները․ ինֆարկտ կստանամ, ստամոքսի խոց (տեսանյութ)

Հինգ ժամ տևած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց քաղաքական հակառակորդների ճակատագրերը, խոսեց առանց փաստերի, իսկ բոլոր նրանք, ովքեր կքննադատեն իրեն ու իր քաղաքականությունը, որակեց ժողովրդի թշնամիներ: Հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ՝ դիտելով ասուլիսը, արդյո՞ք լսեց բարդ իրավիճակում գտնվող երկրի վարչապետի խոսք, Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասաց․

«Եթե մարդը, անկախ նրանից, թե ով է, չի խոսում հրատապ մարտահրավերների,  մոտակա՝ միջնաժամկետ, երկարաժամկետ նպատակների ու դրան հասնելու ուղիների մասին, ապա նրա խոսքերին  կարող է արձագանքել ֆեյսբուքյան այն ստվար զանգվածը, որը կարող է մի թեմա վերցնել ու օրերով քննարկել։ Իսկ մեր պետությունն այն իրավիճակում չէ, որ մենք ընկնենք նման խնդիրների հետևից։ Իսկ դա ապացույցն է այն բանի, որ 1991-ին մեր կառավարման վերնախավում գրեթե չկան պետական գործիչներ։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պետական գործիչ չէ՞, Մեսրոբյանն ասաց․ «Ուինսթոն Չերչիլն ասել է, թե ով է պետական գործիչը»։

Հիշենք Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտնի խոսքը․ «Քաղաքական գործիչը մտածում է մոտակա ընտրությունների մասին, պետական գործիչը՝ երկրի վաղվա մասին»։

Թե՛ հներից, թե՛ ներկաներից պետական գործիչի հոտ չի գալիս, ասում է կառավարման փորձագետն ու հավելում, ներկաների մեջ չկա պետական մտածողության գործիչ ու Փաշինյանն էլ այդպիսին չէ․ «Մինչ այս պահը մենք չունենք երկրի ռազմավարական ծրագիր, կամ զարգացման ծրագիր։ Ընդ որում, դա բառերի շարան չէ։ Բայց 1991-ից մենք չունենք  ծրագիր։ Ես կարող եմ ենթադրել, որ 1991-ից  մենք չունենք պետական գործիչ՝ ըստ Ուինսթոն Չերչիլի։ Երեկվա ասուլիսը նույնպես նախորդ պրոցեսների տրամաբանական շարունակությունն է ։ Ե՛վ նախկինները, և՛ ներկաները պետական գործիչի իմաստով՝ զրո են»։

Ասում է․ «Եթե որևէ ուժ մտնում է քաղաքականություն, նա պետք է վաղուց ունենա մշակված ծրագիր։ Հայաստանը փորձադաշտ չէ»։ Ըստ Մեսրոբյանի, այն, ինչ հիմա արվում է, հիշեցնում է հետևյալ պատկերը․ «Առաջ գնալ՝ գլուխը հետ պահած, Նիկոլ Փաշինյանն այդպես է ղեկավարում երկիրը»։

«Օրվա իշխանությունը պետք է երկու խնդիր ունենա․ նվազեցնել ներկա վտանգները և շարժվել դեպի ապագա՝ երկրի զարգացման ճանապարհով։ Մենք գնում ենք առա՞ջ, թե մխրճվում ենք անցյալի մեջ։ Անհնարին է գնալ առաջ՝ գլուխը հետ պտտած»։

Հայտնի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց․ «Ոստիկանությունում ու ԱԱԾ-ում մասշտաբային բարեփոխում ենք սկսում, և դրա արդյունքում այդ երկու ծառայությունները դառնալու են շատ ավելի ուժեղ, շատ ավելի պրոֆեսիոնալ: Եվ դառնալու են ժողովրդավարական իրավակարգի հենասյուները»:

ԱԱԾ-ը պետությունը, ազգը արտաքին ու ներքին մարտահրավերներից պահպանող կառույց է: Մինչդեռ Փաշինյանի համար, պարզվում է, ԱԱԾ-ի գործառույթը  «ժողովրդավարական իրավակարգի հենասյուն» լինելն է:

Դիտարկմանը, թե Արևմուտքի կողմից որևէ երևույթ կարող է համարվել ժողովրդավարական, սակայն այն կարող է խոցելի դարձնել մեր պետության անվտանգությունը, փորձագետն ասաց․ «Կառավարումը լուրջ, պրակտիկ գիտություն է, որևէ երկրում անգամ լավ աշխատող մոդելը չի կարելի տեղափոխվել մեկ այլ երկիր։ Եթե մարդիկ 1991-ից դա չգիտեն․․․ Մեր ազգային անվտանգությունը խաթարվեց դեռ  91-ից, երբ բոլոր պետական հիմնարկների դռները բացվեցին Միջազգային արժույթի  հիմնադրամի,  Համաշխարհային բանկի և այլ կառույցների առաջ։ Եկեք Ամերիկա չհայտնաբերենք․ ԱԱԾ գործառույթը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, ու վերջ։ Ով չգիտի՝ թող կրթվի։ Խորհուրդ կտամ «Ֆեյսբուքի» երկարալեզու օգտատերերին՝ այդ մասին քիչ խոսել»։

Մանրամասները՝ տեսանյութում