Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ աղմկահարույց գրչի պատմությանը, փորձելով բացատրել, թե ինչո՞ւ որոշեց հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «նվիրած» գրչի լուսանկարը։

Նրա խոսքով՝ որոշել է ուղիղ եթերում որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ մտցնել, քանի որ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ գնում են տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններին հայտնում, թե իբր Հայաստանում քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ։

«Հիմա եկեք հետ գնանք… Եթե հիշում եք՝ 2018 թվականին մենք Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեցինք, որովհետև առաջնորդվում էինք պետական մտածողությամբ, և բանը հասավ նրան, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քննադատվեց նրա համար, երբ ասաց, որ չի կարծում, որ Թովմասյանը պետք է հրաժարական տա»,- ասաց  Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրեն դիմել են որոշ իրավաբաններ և հայտնել, որ պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանի նախագահի հարցը, քանի որ վերջինիս ՍԴ-ում գտնվելն ապօրինի է, կեղծիքներով է ընտրվել, իսկ երբ ի հայտ եկավ նաև Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, խնդիր առաջացավ այդ բոլոր հարցերն ուսումնասիրելու համար։

Նա նշեց, որ այն ժամանակ, երբ փաստեր դրվեցին սեղանին՝ իրենք հետազդակներ են ստացել, թե Սահմանադրական դատարանը նորմալ աշխատում է, ՍԴ նախագահն էլ լոյալություն է ցուցաբերում, հետևաբար՝ ինչո՞ւ է պետք այդ փաստերով զբաղվել, սակայն ինքն իրեն խոստացել է՝ «անսկզբունքային  կոմպրոմիսների չի գնալու»։

Ըստ Փաշինյանի՝ գրչի լուսանկարը, որ ինքը հրապարակել է, այն մասին է, թե իրականում իրենք կարող էին անել այնպես, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ-ն իր ստեղծման ժամանակ, սակայն այդ ճանապարհով չեն գնացել։

«Էս գրիչը դրա սիմվոլն է, էլի եմ ասում՝ եթե մենք ուզենայինք անսկզբունքային ճանապարհով գնալ, կասեինք՝ թող մեր ձեռքում կոմպրոմատ լինի, բայց երբ հասկացել են, որ մենք սկզբունքային ենք լինելու, սկսել են հանդես գալ մեր դեմ»,- ասաց  Փաշինյանը։

Վարչապետ նաև նշեց, որ այս ամբողջ պատմությանը ծայրից ծայր տիրապետում է երեք հոգի, բայց այդ երեքից երկուսն այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իր նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամանքի դիրքերից։

«Այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն և դիմում են՝ շեշտելով, որ սատանան մանրուքների մեջ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրույց քաղաքացու հետ։ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարեւորության մասին։Կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը տեղ չունի ՍԴ-ում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 27 января 2020 г.