Պայքար է անհայրենիք կառավարիչների ու պետականամետ մարդկանց միջև. ՍԴ-ի շուրջ համախմբումն օրվա պահանջ է

ՍԴ նախագահին ու մի ամբողջ պետական կառույցի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական պարտադրելու իշխանական օպերացիան շարունակվում է ու այդ ճանապարհին անտեսվում է ամեն ինչ՝ թե՛ օրենք, թե՛ բարոյականություն:

ՍԴ-ի դեմ կռիվը մեկ բնորոշում ունի՝ Հայաստանում իրականացվում է պետական կառույցները ոչնչացնելու քաղաքականություն: Տեղի է ունենում ամբողջ իշխանության լիակատար բռնազավթման փորձ:

Եվ իր նպատակին հասնելու համար իշխանությունը ոչնչի առաջ չի կանգնում՝ դիմելով ամենաստորացուցիչ քայլերի: ՍԴ դատավորները գտնվում են լուրջ ճնշման տակ, նրանց ահաբեկում են, կոմպրոմատներ հավաքում, փորփրում մարդկանց անցյալը, անձնական կյանքը, սպառնում բացահատել արտամուսնական կապերը, դրանք հրապարակ նետել, ստորացնել:

Ամեն ինչ արվում է՝ ՍԴ դատավորների վրա ներազդելու համար, նրանց  պարտադրվում է ընդունել նսեմացուցիչ առաջարկը՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին: Սա կնշանակի՝ անցնել Փաշինյանի «թրի տակով» ու փաշինյանական ոճով ասած՝ «վեր ընկնել տեղներն ու սսկվել»: Սակայն ՍԴ-ի՝ բարձր պրոֆեսիոնալիզմ ու արժանապատվություն ունեցող թիմը՝ նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, հերոսաբար պայքարում են իշխանության նենգ մեթոդների դեմ:

Եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշների նման դեռ մեկ տարի առաջ դառնար Փաշինյանի կամակատարը, ապա «սանիկ-1», «սանիկ-2» օպերացիաները՝ Թովմասյանի մերձավորներին կալանավորելը, նրա դուստրերին ԱԱԾ կանչելը, խուզարկություններն ու, վերջապես, իր կալանավորման մասին հնչող սպառնալիքները, պարզ է, որ չէին լինի: Իսկ երեկ Հրայր Թովմասյանն իր հայտարարությամբ, թե՝ «մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ», վերջ դրեց՝ ՍԴ-ն իր գրպանում ունենալու Փաշինյանի հույսերը: Սա նշանակում է, հակաթովմասյանական սցենարները նոր երանգներ են ստանալու…

Իշխանության համար անսպասելի էր, որ իր դեմ դուրս կգար Հրայր Թովմասյանը՝ ՍԴ-ի գործընկեր-դատավորների հետ միասին: Նրանց պետականամետ քայլն այս անհայրենիք կառավարիչների կողմից չի հանդուրժելու, և ճնշումներն ու ռեպրեսիաները շարունակվելու են:

 Իշխանության զինանոցի վերջին փափուշտները

2020 թ. հունվարի 22-ին տեղի ունեցած Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը կրկին սլաքներն ուղղեց ՍԴ-ի ուղղությամբ: Խորհրդարանական բարձր ամբիոնից հայտարարեց, թե իրավապահ մարմինները մտահոգված են Սահմանադրական դատարանի ներկայիս դիրքավորմամբ, մասնավորապես, նրանով, թե ՍԴ-ն ազատ կարձակի բոլոր կոռուպցիոներներին: Դատական իշխանության հեղինակությունը խաթարող այս հայտարարությունից երկու օր անց ՀՔԾ-ը հայտնվեց Հրայր Թովմասյանի բնակարանում: Գնացել էին խուզարկության, փորփրեցին ու, իհարկե, ոչինչ չգտան:

«Վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը»,- երեկ լրագրողների հետ զրույցում, իր տանը տեղի ունեցած խուզարկությունից հետո, հայտարարեց քաղաքական հետապնդումների ենթարկվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

ՀՔԾ-ն իր քայլերով անցավ բոլոր սահմանները. ՍԴ նախագահի բնակարանի խուզարկությունը կատարվեց օրենքի խախտումներով: Թովմասյանի փաստաբանները նախ տեղեկացրին, որ քննիչները հրաժարվել են տրամադրել խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշման պատճենը, այդ կերպ խոչընդոտելով նրանց իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը:

Բացի դրանից, արձանագրվեց նաև հետևյալը. այն մեղադրանքը, որն առաջադրված է Հրայր Թովմասյանին, չի ենթադրում խուզարկություն: Իսկ եթե նախաքննական մարմինն ուներ խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն, ապա այն պետք է կատարվեր ավելի վաղ, ոչ թե այդ մասին ամիսներ առաջ հայտարարվեր ու իրականացներ միայն ամիսներ անց: Ի վերջո, խուզարկությունն անհետաձգելի քննչական գործողություն է: Սա նշանակում է, որ գործ ունենք անհիմն խուզարկության հետ, ինչն ուղեկցվել է Թովմասյանի իրավունքների բացահայտ խախտումներով: Իր տանն իրականացված քննչական գործողությունների ժամանակ Թովմասյանը խնդրել է տեսաձայնագրել կատարվողը, ինչը սակայն մերժվել է: «Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահ, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, դա ակնհայտ է, և դրանց մասին տեղյակ է ոչ միայն մեր, այլև միջազգային հանրությունը»: Անհիմն խուզարկությունը, տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու։

Այս անօրինական քայլերը մեկ նպատակ ունեն՝ ահաբեկել ՍԴ նախագահին ու պարտադրել հրաժարականի:

Հիշում եք չէ՞, դեռ անցած տարի իմ քայլականները խոստովանում էին, որ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու շատ գործիքներ ունեն իրենց զինանոցում, որոնք մեկ-մեկ գործարկելու են: Ու հիմա մենք այդ անօրինակ գործիքակազմերի կիրառման ականատեսն եք:

Սպայի պատիվը թույլ չի տա, որ Արթուր Վանեցյանը լռի

Երեկ Թովմասյանը հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ է օրենքն ընդունվում արագացված ռեժիմով (իմա՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը): Մեկն ինձ կբացատրի՞: Ի՞նչ է, պայթյո՞ւն էր տեղի ունեցել: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ երկու ամիս: Պատահակա՞ն է այդ ժամկետը, երբ ինչ-որ գործեր պետք է լսվեն»: Ի՞նչ գործերի մասին ակնարկեց ՍԴ նախագահը:

Հիշենք, որ պետական այս կառույցի հանդեպ անհանդուրժողականությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ իշխանությունը հասկացավ, որ այս ՍԴ-ն իր քիմքին հաճելի որոշումներ կայացնող չէ: Իսկ ի՞նչ հակազգային, հակապետական որոշումներ, օրենքներ է պատրաստվում ՍԴ-ով սղացնել Փաշինյանը, և ինչի՞ն են խանգարում Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորաները:

Առաջին՝ խանգարում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իշխանության նախատեսած դատական անհիմն որոշումների ընդունմանը:

Երկրորդ՝ Արցախի հարցում հայկական երկու պետությունների համար խիստ անցանկալի որոշման կայացմանը:

Երրորդ՝ Ստամբուլյան կոնվենցիայի, այլասերվածների իրավունքներն ամրագրող այդ փաստաթղթի ընդունմանը, ինչի համար ակտիվ մարտնչում է իշխանության սորոսական թևը:

Չորրորդ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերմանը Հայաստանից և այլն:

Սրանք տեսանելի այն վտանգներն են, որոնք Փաշինյանի իշխանության գոյության նախապայմանն են, ասել է թե՝ իշխանության գինը:

Հասել ենք մի եզրափուլի, երբ փաշինյանական իշխանության հակապետական նպատակների, ծրագրերի մասին տեղեկատվություն ունեցող անձը իրավունք չունի լռելու, իսկ այդ անձը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Պատահական չէր, որ Հրայր Թովմասյանը երեկ կարևոր մեսիջ ուղղեց Վանեցյանին: Նախ ակնարկեց, որ հասարակությունը տեղյակ է կատարվողի ընդամենը 10 տոկոսին: Իսկ ամբողջականին տիրապետող անձը Վանեցյանն է: Հետևաբար, Վանեցյանը պետք է խոսի: «Ես հուսով եմ, վստահ եմ, որ իր՝ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի: Եվ այս ամբողջ պրոցեսները՝ ե՞րբ են սկսել, ի՞նչ է եղել, ինձ հետ ի՞նչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը: Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված…»։

Ինչպես ասում են՝ գնդակն արդեն Վանեցյանի մոտ է, ու նրա լռությունը կարող է վտանգավոր լինել մեր պետության համար: Եկել է այս իշխանության կործանարար մտադրությունները ջրի երես հանելու ժամանակը: Ուշացումը կարող է թանկ գին արժենալ: Սա այլևս ՍԴ-ի ու ՍԴ նախագահի խնդիրը չէ, այն համազգային խնդիր է։ Ինչի շուրջ պետք է համախմբվեն ազգային, պետական մտածողության տեր անձինք, քաղաքական ուժերը: Հապաղման դեպքում թանկ գին ենք վճարելու…

Հ.Գ. Մամուլը գրում է, որ իրավապահ մարմիններում կա մեծ դժգոհություն Փաշինյանի քաղաքականության հանդեպ: Արդարադատության ոլորտում աշխատող դատավորները երբեք այսպես ընկճված չեն եղել, ինչպես այսօր են, քանի որ նրանց պարտադրվում է կատարել Փաշինյանի մերժելի հրահանգները…

Արմինե Սիմոնյան