2018 և 2019 թթ․ Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 փաստ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Նա նախ ներկայացրեց 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։

Այսպիսով՝

Փաստ համար 1

Երկու տարվա ընթացքում` 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներիդ պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ»,-ասաց նա և նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

«Այսինքն մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը»,-ասաց նա և նշեց, որ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:

«Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»,-ասաց վարչապետը:

Փաստ համար 2

Վարչապետի նշած հաջորդ փաստը վերաբերում է նրան, որ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը:

«Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ նաև եվրոպական տարածաշրջանում»,-ասաց նա:

Փաստ համար 3

Վարչապետը մատնանշեց, որ 2020 թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ`90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ՝ ավելի քան 30%-ով:

Նիկոլ Փաշինյանը կապիտալ ծախսերը կարևորեց, քանի որ դրանք այն ծախսերն են, որ նյութական արժեք են ստեղծում:

Փաստ համար 4

«2020 թվականի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել են սոցիալական նշանակության և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները, դրանք ավելացել են 2017 թվականի համեմատ` 20 տոկոսով, առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերն անցած տարվա համեմատ 24 տոկոսով են ավելացել, կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2019 թվականի համեմատ 14 տոկոս են աճել»,-ասաց նա:

Փաստ համար 5

Փաշինյանի նշած հինգերորդ փաստը վերաբերում էր տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորմանը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 47 տոկոսով` կազմելով 195, 4 միլիարդ դրամ: