«Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում երեկ կատարվածի նպատակը

Եթե երկրիս գերագույն գլխավոր ստախոսին, բանսարկուին ու պարզունակ, անհաջող ու խայտառակ ներկայացումների բեմադրիչին թվում է, թե երեկ «Էրեբունի պլազա» բազմագործառույթային բիզնես-կենտրոնում կատարվածից հետո նույն շենքում գտնվող Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, ինչպես նաև «5-րդ ալիք»-ի աշխատակիցները պետք է ահաբեկվեն և իրար ետևից դուրս գան աշխատանքից, ապա, կարծում ենք, չարաչար սխալվում է։ Իր կամ մեկ ուրիշի կազմակերպած, բեմադրած ներկայացումը, հուսով ենք, իր բուն նպատակին չի ծառայել, բացահայտվել ու տապալվել է։

Հիշյալ բիզնես-կենտրոնում ս․ թ․ հունվարի 23-ին տեղի ունեցածը ներկայացում կարող է չլինել միայն մեկ պարագայում՝ եթե այնտեղ ինքնաձիգով ներխուժած անձը հոգեկան հիվանդ է, հակառակ պարագայում նրա կատարածն ամբողջովին դուրս է տրամաբանության շրջանակներից ու տեղավորվում է միմիայն ահաբեկման նպատակ ունեցող ներկայացման տրամաբանության շրջանակներում։

Ի՞նչ է հայտնի ինքնաձիգով զինված ու բիզնես-կենտրոն ներխուժած անձի մասին։ Նա 1987թ․ ծնված է։ Ըստ News.amհրապարակման, «Համացանցում հայտնված բանակցությունների՝ «Ավրորա»-ի տեսանյութում լսվում է, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ»: Նրա անուն ազգանունն այս հոդվածի պատրաստման պահին ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ քննչական կոմիտեն դեռ չեն հրապարակել, ինչը, կարծում ենք, պատահական չէ, այսինքն՝ ունի միտում՝ թույլ չտալ, որպեսզի հետաքննող լրագրողները կամ այլ անձինք այժմ իմանան նրա ինքնությունը։

Ըստ մեզ հայտնի դարձած տեղեկությունների, ինքնաձիգով զինված անձը ներխուժելով «Էրեբունի պլազա», նախ ինքնաձիգն ուղղել է առաջին հարկում հերթապահություն իրականացնող աշխատակցուհիներից մեկի վրա և հարցրել, թե որ հարկում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, ապա ստանալով պատասխան, որ այնտեղ հիմա մարդ չկա, բոլորն ընդմիջման են, բարձրացել է վերև և այնտեղ ինչ-որ մարդկանց պատանդ վերցրել, կրակոցները նույնպես վերևում են եղել։

Այն, որ կատարվածը տրամաբանությունից դուրս է, վկայում են հետևյալ փաստերը․

Փաստ 1-ին․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ այցելելու, նրա ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին կամ որևէ այլ աշխատակցի հանդիպելու համար որևէ կարիք չկար ինքնաձիգով զինված մտնել «Էրեբունի պլազա», այնտեղ կրակոցներ արձակել, մարդկանց պատանդ վերցնել։ Այդ նպատակին հնարավոր էր հասնել շատ դյուրին կերպով, պարզապես վերելակով 6-րդ հարկ բարձրանալով։ Ի վերջո, գրասենյակի ղեկավարին կամ որևէ այլ աշխատակցի կարելի էր հանդիպել նաև դրսում, շենքի մուտքի մոտ, այնտեղից նրանց դուրս գալու կամ մուտք գործելու պահին, և ասել այն ամենը, ինչ ցանկանում էր ասել տվյալ անձը։

Փաստ 2-րդ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ այցելելու, ղեկավարի կամ աշխատակիցների հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն կամ գրասենյակի ղեկավարի, որևէ այլ աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ ահաբեկչության նպատակ ունեցող անձը զինված «Էրեբունի պլազա» մտնելուց, այնտեղ կրակոցներ արձակելուց, պատանդներ վերցնելուց առաջ, ինքըզինքը շատ լավ հաշիվ տալով, թե նշված գործողություններից հետո իրեն ինչ է սպասվում, ինչ գին է վճարելու այդ ամենի համար, նախապես գոնե կպարզեր, թե Վիկտոր Սողոմոնյանը և գրասենյակի մյուս աշխատակիցները երբ են տեղում լինում, երբ են գնում ընդմիջման, գոնե հենց այն պահին, երբ ինքը զինված ներխուժում է շենք, տեղո՞ւմ են, թե ոչ։

Փաստ 3-րդ․ Կալաշնիկովի ցանկացած ինքնաձիգ սև շուկայում, որքան տեղյակ ենք, համացանցից, տարբեր խոսակցություններից, 3000-5000 դոլար է, այդ գումարով 2-3 ավտոմեքենա կարելի է գնել, էժան չէ նաև Կալաշնիկովի ինքնաձիգին նման որսորդական զենքը։ Ո՞րն էր «Էրեբունի պլազա» ինքնաձիգով ներխուժածի գործողությունների տրամաբանությունը՝ չհասնել նպատակին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքերից համոզվել ու փափկած սրտով, ի վերջո, այդ զենքը հանձնել կամ «նվիրե՞լ» ոստիկանությանը․․․ Դրանից հետո էլ Արման Սարգսյանի շքեղ «ջիպով» գնալ ոստիկանությո՞ւն․․․ Չգիտե՞ր, թե այդ ամենից հետո ինչ է սպասվում իրեն․․․

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն, վերոնշյալ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (Պատանդ վերցնելը) 2-րդ մասի 2-րդ (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով), 3-րդ (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով) և 7-րդ (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) կետով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետի (կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։

Հետաքրքիր է՝ ՀՀ քննչական կոմիտեում արդեն գիտե՞ն, որ տվյալ անձն ահաբեկչության նպատակ չի ունեցել (այլապես հարց է առաջանում, թե քրեական գործն ինչո՞ւ չի հարուցվել նաև համապատասխան հոդվածով․․․), և նպատակը եղել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին, աշխատակիցներին, հնարավոր է նաև «5-րդ ալիք»-ի աշխատակազմին վախեցնելը, նրանց ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ, այսպես ասած, «մեսիջը» փոխանցելը, թե, տեսեք, այս անգամ բավարարվեցինք ընդամենը շենքի ներսում կրակոցներ արձակելով, բայց մյուս անգամ հա՜․․․

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը զինված անձին ասել է․ «Եթե մարսդիկ մի բան անում են, անում են, որ այդ արձագանքները ստանան, ձենը հասնի տեղ: Հիմա ձենը հասել է ոստիկանության պետին»։ Նկատենք՝ միշտ չէ, որ մի բան անելու (տվյալ պարագայում հանցագործության՝ զինված ներխուժման, պատանդներ վերցնելու, կրակոցների) նպատակը արձագանքներ ստանալը, ձենը տեղ հասցնելն է, բայց այս պարագայում Արման Սարգսյանը, կարծում ենք, իրականությունն է ներկայացնում՝ միայն թե այդ «ձենը» («մեսիջը») ոչ թե «ոստիկանության պետին», այլ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին, աշխատակիցներին (հնարավոր է նաև՝ «5-րդ ալիքի») հասցնելու նպատակն ունի։ Զինված գործողության նպատակն ուղղակի չէր կարող «ձենը» ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցնելը լինել, այդ մեկնաբանությունը պարզապես անհեթեթ է։

Վերը շարադրվածը հուշում է հենց այն, որ «Էրեբունի պլազա» ներխուժած անձն իր ետևում ունի պատվիրատու (ներ), կազմակերպիչ (ներ) կամ դրդիչ (ներ), այլ խնդիր է, թե ՀՀ քննչական կոմիտեն կբացահայտի՞ նրան կամ նրանց։ Քանի դեռ Նիկոլի թիվն է, այս հարցում բնավ չենք կարող լավատես լինել։

Արթուր Հովհաննիսյան