Այսօր Պարույր Սևակի ծննդյան 96-ամյակն է

Ծնվել է հայ մեծանուն բանաստեղծը 1924 թվականի հունվարի 24-ին, Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Կնքահայրը՝ համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ, Նորածնի  անունը Պարույր է դրել ի պատիվ սպայի, որի զինվորն է եղել ինքը։

Պատրանքի պատանքը

Եվ շատ ավելի վատթար է ցավը,

Քան անարգանքն ու անպատվությունը,

Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,

Լսո՞ւմ եք, տղե՛րք,

Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,

Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:

Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:

Բայց Սահարայի ավազն իսկապես

Շինարարական շաղախ չի՜ դառնում.

Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝

Մեզ հարկավոր է, հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,

Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը

Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,

Որ հավասար է… (բառը չե՛մ ասում):

Եվ բավական չէ՞,

Որքան մերպեսին

Այլասերեցին այդ պատրանքները՝

Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝

Հուղարկավորման լռությամբ լռենք

Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝

Իբրև նորօրյա աղվեսադրոշմ

Սին պատրանքների ճակատի համար…

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,

Աղետն էլ գոնե լավ է այնքանով,

Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:

Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),

Որ տարածվում է… խոնավության պես

Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա

Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:

Անգե՛տ տղաներ, մի՞թե չգիտեք

Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:

Նա հենց այնտեղ է, որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,

Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:

Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:

Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,

Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,

Այլ սուրբ ավյուն է

Ու սուրբ արյուն է,

Որ պիտի տա ծիլ

Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,

Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,

Այլ իբրև… պատա՜նք,

Որ… պատառոտվի պատանք-պատրանքը

Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:

Նո՜ր ոգին, տղերք,

Նո՛ր ոգին, նո՜րը…