Ռուսներն ու ամերիկացիները միջադեպեր են ունեցել Սիրիայում

Սիրիայի պատերազմը շատ տարօրինակ զարգացում է ունենում: Մի քանի օր առաջ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան զորքերը, իբր, կանգնեցրել և թույլ չեն տվել, որ ռուսական բանակը մուտք գործի Սիրիայի նավթային դաշտեր: Ամենայն հավանականությամբ, դա ընդամենը Ռուսաստանի ռազմական ոստիկանության շարասյուն էր, ոչ թե գրոհային հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը: Աշխարհը մոտավորապես գիտի, որ Սիրիայում ժամանակ առ ժամանակ հայտնվում, իսկ հետո «անհետանում են» ՌԴ Հատուկ գործողության ուժերի (ՀԳՈՒ) ստորաբաժանումները, իսկ սա արդեն իսկական բանակ է: Ենթադրում ենք, որ ամերիկացիները, այնուամենայնիվ, կանգնեցրել են ռազմական ոստիկանությանը, ոչ թե ռուսական հատուկ նշանակության ուժերին: Իրավիճակը «ոչ սովորական» էր. ԶԼՄ-ները հայտնում են, որ «Սիրիայի հյուսիսում ամերիկյան զինուժի կողմից կանգնեցված Ռուսաստանի ռազմական պարեկային ծառայությունը ստիպված է եղել սպառնալիքով ԱՄՆ զրահատեխնիկայի վրա ուղղել 14,5 մմ տրամաչափի գնդացրի նշանը, որը ունակ է զրահապատ օբյեկտները 1 կմ հեռավորության վրա մաղել՝ ցույց տալով այս ուղղությամբ Ռուսաստանի ռազմական պարեկության մտադրությունների ողջ լրջությունը»:

Իսկ հունվարի 18-ին ահաբեկչական մի խմբավորում հանկարծ հայտարարել է, որ իբր ոչնչացրել է Սիրիայի կառավարական ուժերի շտաբը Հալեպի և Իդլիբի միջև տեղակայված ինչ-որ տեղում և հայտարարել ռուս չորս սպաների սպանության մասին: Այս թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը միայն մասամբ է հաստատված, սակայն Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչների կողմից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել: Բայց հենց այդ զեկույցներից հետո է իրավիճակը սկսել արագ և կտրուկ փոխվել: Սիրիական բանակը ուժեղացրել է իր գրոհը Իդլիբի վրա, Ռուսաստանի զինված ուժերը և շիական աշխարհազորայինները զբաղվում են ահաբեկիչների ոչնչացմամբ Հալեպի և Լաթաքիայի նահանգներում: Բայց դա չի խանգարել, որ ահաբեկիչները կրկին փորձեն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել ռուսական «Հմեյմիմ» ռազմակայանը: Մինչ այժմ ահաբեկիչների բոլոր գրոհները հետ են մղվել, բայց պարզ է, որ մի շարք, այսպես կոչված, «շահագրգիռ երկրների» հատուկ ծառայություններ «խաղում են» գրոհայինների կողմից: Եվ դատելով սիրիական նավթին ռուս զինծառայողների մոտ չթողնելու միջադեպից՝ Միացյալ Նահանգները պետք է ներգրավված լինի ահաբեկիչների այս ուժեղացման մեջ: Ի վերջո, մենք տեսնում ենք, որ հանցագործների համար թիրախ են դարձել ոչ միայն սիրիական զինված ուժերը, այլև ռուս զինվորականները: Չնայած առայժմ որևէ հստակեցում չկա ռուս 4 սպաների մասին՝ զոհվե՞լ են, թե ոչ:

Բայց հունվարի 20-ին, Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռները իրականացրին տարեսկզբից ամենախոշոր գրոհը Հալեպից արևմուտք գտնվող Հայաթ Թահրիր աշ-Շամի (ՀԹՇ) ահաբեկիչների թիրախների և դիրքերի դեմ: Համաձայն լիբանանյան «Al-Masdar News» գործակալության ռազմական աղբյուրի՝ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն իրականացրել են տասնյակ ավիահարվածներ ահաբեկչական թիրախների վրա՝ ներառյալ ՀԹՇ գրոհայինների զբաղեցրած Սիրիայի զինված ուժերի 46-րդ գնդի նախկին ռազմակայանը (Հալեպի հարավ-արևմտյան նահանգի Էլ Աթարիբ մոտակայքում): Ռուսական ավիացիան նաև ինտենսիվ հարվածներ է հասցնում Հալեպի և Իդլիբ նահանգների վարչական տարածքների վրա, որտեղով տարեսկզբից ուժեղացել են գրոհայինների և զենքի հոսքը ինչպես այդ երկու ուղղություններով, այնպես էլ Իդլիբի դեէսկալացիոն գոտում: «Al-Masdar News»-ի տվյալներով՝ ՕՏՈՒ-ի զանգվածային հարվածները կանխատեսում են սիրիական բանակի գրոհը Հալեպի նահանգի հարավային և արևմտյան հատվածներում: Իսկ թուրքական աղբյուրները պնդում էին, որ, մասնավորապես, ԻՀՊԿ հատուկ նշանակության «Ղոդս» ստորաբաժանումները տեղափոխվել են ենթադրյալ հարձակողական գործողությունների տարածք: Եվ սա արդեն ավելի քան լուրջ է. նշանակում է, որ այնտեղ կան նաև «Հըզբոլլահ» լիբանանյան կուսակցության և շիա այլ զինյալների ջոկատներ: Այնպես որ, մոտենում է գլխավոր գրոհի ժամանակը:

Վստահ ենք, որ ոչ պատահական՝ հունվարի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը պաշտոնապես հիշեցրեց Միացյալ Նահանգներին, որ Ռուսաստանը «սպասում է», թե երբ Վաշինգտոնը ինքնակամ իրականացնի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր ծրագրերը: Արդեն հայտնի է, որ Ս. Ռյաբկովի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերը արգելափակել են ամերիկյան տեխնիկայի շարասյունը, ռուսական զորքերը ընդհանրապես արգելափակել են Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկյան զինծառայողների մեծ շարասյուն: Դեպքը տեղի է ունեցել Էլ-Ղամիշլի քաղաքի մերձակայքում, որտեղ գտնվում է ռուսական ռազմական ավիաբազան: ՌԴ ՊՆ-ը լռում էր, չնայած, հնարավոր է, ապագայում ինչ-որ բան ավելի պարզ դառնա: Փորձագետները ենթադրում են, որ ամերիկյան զորքերի շարասյունը արգելափակելու պատճառը Սիրիայում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին ամերիկացիների մոտենալու փորձն է, այդ թվում՝ Էլ-Ղամիշլիի հարավում գտնվող ռազմական օդանավակայանին: Ռուսական հատուկ ջոկատայիններն ստիպել են ամերիկացիներին հեռանալ: Բայց մենք հստակ տեսնում ենք, որ սա համաչափ պատասխան է ամերիկացիների անբարեխիղճ պահվածքին, որը տեղի է ունեցել երկու օր առաջ: Գրեթե անհնար է կանխատեսել, թե ինչ է լինելու հաջորդ օրերին: Ակնկալում ենք Սիրիայի տարածքում Ռուսաստանի և Իրանի զորքերի ներկայության և գործունեության կտրուկ խստացում, իսկ հետո… հնարավոր է գործի՝ «Ով չի թաքնվել, մենք մեղքը չունենք» սկզբունքը:

Սերգեյ Շաքարյանց