Հայտնի է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրը

Եղիսաբեթ Երկրորդն ստորագրել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հավանություն է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին օրինագծին, այդպիսով փաստաթուղթը դարձավ օրենք: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովստին»։

Նախորդ երեկո օրինագիծը հաստատվել է Լորդերի պալատի կողմից:

Իսկ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր համաձայնագիր են ստորագրել Մեծ Բրիտանիայի ՝ Եվրամիությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ:

Ենթադրվում է, որ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի կունենա հունվարի 29-ին:

Դրանից հետո կողմերը կփոխանակեն վավերացված փաստաթղթերը:

Մեծ Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից հունվարի 31-ին, ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 1-ին, ժ․01։00 )։ Մինչև տարեվերջ լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ պահպանվում է անցումային շրջան, որի ընթացքում կողմերը պայմանավորվելու են հետագա հարաբերությունների շուրջ:

Իշխող Պահպանողական կուսակցությունը վերջին ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել, որից հետո Brexit-ի օրինագծի վաղաժամկետ ընդունումը կասկածից դուրս էր:

Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու թեման, որը մինչև վերջերս գերակշռում էր երկրի լրատվական տարածքում, ընտրություններից հետո ամբողջովին երկրորդ պլան էր մղվել, այժմ այն ընկալվում է որպես լուծված հարց: