Չինաստանում իրավիճակն անվերահսկելի է․ հիվանդանոցները լեփ-լեցուն են կորոնավիրուսով վարակված հիվանդներով

Մահացու կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դառնում է անվերահսկելի։ Reuters գործակալությունը հաղորդել է, որ Չինաստանի հիվանդանոցներից մեկը լեփ-լեցուն է հիվանդներով: Դիմակներ կրող հարյուրավոր հիվանդներ բժիշկների սենյակների առաջ հերթ են կանգնում միջանցքներում:

Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսն արդեն դարձել է 25 մարդու մահվան պատճառ, իսկ ավելի քան 800-ը վարակված են: Իշխանությունները կարանտին են հայտարարել Հուբեյ նահանգի ինը քաղաքում բնակվող առնվազն 24 մլն բնակչի համար:

Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է:

Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:

Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նորագույն տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Չին մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Իսկ ահա վտանգավոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն կես տարուց ոչ շուտ: