AliExpress-ի ծանրոցներից կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա՞
Կորոնավիրուսի փոխանցման վտանգ ապրանքների կամ ծանրոցների միջոցով, մասնավորապես, AliExpress–ից, չի հայտնաբերվել, «Իզվեստիա» թերթին հայտնել է AliExpress Ռուսաստանի մամուլի ծառայությունը։
Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ կարծում են, որ վարակվել հնարավոր է շփման միջոցով, եթե հիվանդ մարդը դիպչի փաթեթին:
«Վիրուսի փոքր կաթիլները, որոնք ձևավորվում են հազի և փռշտոցների ժամանակ, հայտնվում են կենցաղային իրերի վրա, և դրանց դիպչելով՝ մարդը կարող է վարակվել»,- հրատարակությանը տված հարցազրույցում նշել է Արևելյան Ասիայի ցամաքային բիոտայի կենսաբազմազանության դաշնային հետազոտական կենտրոնի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Միխայիլ Շչելկանովը:
Այնուամենայնիվ, մեկ այլ համաճարակաբան՝ Գալինա Կոզևնիկովան կարծում է, որ կորոնավիրուսի փոխանցումը չինական առցանց խանութի ծանրոցի միջոցով քիչ հավանական է՝ շրջակա միջավայրի փոփոխությունների հանդեպ հիվանդության հարուցիչի զգայունության պատճառով:
«Սովորաբար շրջակա միջավայրում վիրուսը ապրում է ընդամենը մի քանի ժամ: Հավանականությունը, որ այն մուտացիայի կենթարկվի և կդառնա ավելի կայուն, չափազանց ցածր է»,- շեշտել է Կոզևնիկովան:
«Ռուսական փոստը», իր հերթին, վստահեցրել է, որ ընկերությունը հոգ է տանում հաճախորդների անվտանգության մասին՝ համապատասխան գերատեսչությունների ցուցումներին համապատասխան:
Նշենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում տեղի ունեցավ թոքաբորբի բռնկում, որը, փորձագետների նախնական գնահատականների համաձայն, ասոցացվում է նոր կորոնավիրուսի հետ: Վերջին տեղեկությունների համաձայն՝ հիվանդության պատճառով մահացել է 17 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հարավային Կորեաում, Ճապոնիաում, ԱՄՆ-ում և Թաիլանդում: