Ինչո՞ւ չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը․ Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովում հարցերի քվեարկությունը վեր է ածվել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների հարցուպատասխանի:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ըստ Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱԺ նախագահն ապահովում է խորհրդարանի բնականոն գործունեությունը:

«Ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել, թե ինչու չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեությունը կապված այն իրավիճակի հետ, որ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններ են հավաքվել, բայց հանձնաժողովը չի կարող գործել: Այսինքն՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, որը Դուք հայտարարել եք, որ ստեղծված է և պետք է գործի, որ ունեք քաղաքական կամք, այդ հանձնաժողովը փաստորեն, չունի կազմ և խորհրդարանի ցանկացած հանձնաժողով՝ մշտական, ժամանակավոր, քննիչ, եթե չի գործում նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, եթե խորհրդարանի որևէ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեություն»,- ասաց Մարուքյանը և հարցրեց.

«Պարոն Միրզոյա՛ն, ի՞նչն է պատճառը, ինչո՞վ օգնենք Ձեզ, որ կարողանանք ԱԺ բնականոն գործունեությունը ապահովեք»:

Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Էդմոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ, կարծում եմ, որպես փորձված իրավաբան, Դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր լիազորությունների շրջանակում ինչ պարտավոր էր և կարող էր անել՝ արել է, մնացյալը՝ թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում»:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ պատգամավորները քվեարկության մեջ ազատ են, ինչպես նաև որևէ այլ օրենսդրական նախաձեռնության դեպքում: «Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության այս կամ այն արդյունքի մեջ, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը: Ձեզ խորհուրդ կտայի, եթե օգնություն եք առաջարկում՝ դիմել այլ իրավաբանների օգնությանը՝ Ձեզ համար այս հարցը պարզելու համար»,- նշեց ԱԺ նախագահը:

Հաջորդ հարցի քվեարկության ժամանակ նորից վարման կարգով ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը և պատասխանեց Արարատ Միզրոյանին:

«Պարոն Միրզոյան, ըստ Ձեր պատասխանի՝ ստացվում է, որ Դուք ոչ թե քաղաքական որոշում ունեիք՝ որպես թիմ, այլ ուղղակի ուզում էիք, որ ստեղծվի այդ հանձնաժողովը և ունենա կազմ, բայց պատգամավորները ազատ էին քվեարկելու և նրանք քվեարկել են ու այդ կազմը տապալվել է: Չնայած նրան, որ Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ դեմ եք քվեարկելու, հետո հայտարարեց, որ չենք քվեարկելու»,- նշեց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ Միրզոյանը հայտարարություն էր արել՝ որպես քաղաքական թիմի կարևոր ներկայացուցիչ, որ քաղաքական խնդիր չի տեսնում և հանձնաժողովը կարող է գործել: «Կարծում եմ, որ Ձեր՝ դեկտեմբերի 5-ի խոսքը կարևոր է, մարդն առաջինն ինքը պետք է հարգի իր խոսքը: Երեկ հարցուպատասխանի ժամանակ պարզվեց, որ Դուք քաղաքական որոշումով եք տապալել հանձնաժողովի ձևավորումը: Հիմա ինձ ասեք՝ դա քաղաքական որոշո՞ւմ է եղել, թե՞ ազատ եք քվեարկել»:

Արարատ Միրզոյանն էլ պատասխանեց, թե Մարուքյանը լավ չի հասկացել վարչապետի երեկվա պատասխանը: Նա ասաց, որ իրենք քաղաքական կամք ունեն և որ խնդիրը իրավական է եղել: «Մենք քաղաքական կամք ունեցել ենք՝ գնալ մինչև վերջ, վարչապետն ասաց, որ իրավական խնդիրներ կան այս հանձնաժողովի գործունեության համար: ԱԺ-ն իրավասու չէ այդ հարցը քննելու, սա է ամբողջը, Դուք սխալ եք հասկացել»,- նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ դեմ դիրքորոշումը կարող է արտահայտվել ինչպես դեմ, ձեռնպահ կամ՝ ընդհանրապես քվեարկությանը չմասնակցելով: