«Ինքը գիտի՝ ինչի համար»․ Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստի ժամանակ նախազգուշացում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին․ «Ուզում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն և սահմանած իրավասությունների բերումով՝ նախազգուշացում սահմանել Ալեն Սիմոնյանին, ինքը գիտի՝ ինչի համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում էր, բայց ոչ իր տեղում:

Այսօր նախազգուշացում ստացավ նաև ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Մարուքյանը հայտարարեց, թե «Իմ քայլը» վախեցավ ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերը և տապալեց այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը:

«Մեզնից յուրաքանչյուրը՝ և գործադիրը, և օրենսդիրը, և ՏԻՄ-ը, պետք է գործեն բացառապես այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են Սահմանադրությամբ և օրենքներով: Բարեբախտաբար կամ ցավոք սրտի, մեր համոզմամբ՝ Ազգային ժողովն այդ լիազորությունն այս հարցում չունի»,- ընդգծեց նա:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ, արձագանքելով Մարուքյանի հայտարարությանը, ասաց. «Հարգելի՛ պարոն Մարուքյան, ես ուղղակի կոչ եմ անում ձեզ մի քիչ կոռեկտ արտահայտվել, և եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ և նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»:

Մարուքյանը տեղից արձագանքեց, նրա խոսքը, սակայն, լսելի չեղավ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիտողություն արեց. «Պարոն Ռուբինյանը ուշադիր լսում էր ձեզ: Պարո՛ն Մարուքյան, ձեր արածը հենց հիմա կոռեկտ չէր: Պարո՛ն Մարուքյան, ձեզ նախազգուշացում է հայտարարվում»: