Ժապավենը կտրվել է, բայց դրանք մինչև հեղափոխությունն արված ներդրումների արդյունքն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, կառավարման մասնագետ Արթուր Խաչատրյանը:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ կառավարությունն ակնկալում է, որ նախորդ տնտեսական տարին կփակվի 7,5 տոկոս տնտեսական աճով։ Նախարարի տվյալներով՝ տնտեսական աճի ապահովման գործում առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Մինչդեռ մասնագետները հակադարձում են՝ տնտեսական աճն ապահովվել է հիմնականում ստվերի կրճատման հաշվին։ Դեր են ունեցել նաև ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալները։ Իսկ դա, ըստ Արթուր Խաչատրյանի, նշանակում է, որ տնտեսական աճն իրական չէ, և եկող տարի նման արդյունքներ մենք կարող ենք չունենալ։ Այսինքն՝ նախորդ տարվա արդյունքները չեն կարող ապահովել կայուն, երկարատև աճ։

«7,5 տոկոս տնտեսական աճը բարձր ցուցանիշ է, 2017 թվականին՝ նախահեղափոխական շրջանում ևս նման ցուցանիշ էր գրացնվել։ Համաշխարհային տնտեսական աճի քարտեզում դա բավականին բարձր ցուցանիշ է։ Բայց, իրոք, սատանան մանրուքների մեջ է, և պետք է փորձենք հասկանալ, թե այդ ինչ աճ է,- ասաց մասնագետը։- Մենք միշտ ասում էինք, որ մեզանում կա մեծ ստվեր՝ 30-40 տոկոս։ Այսօրվա գնահատականներով այն 25 տոկոս է։ Երբ վարչարարությունը բարելավվում է, ինչն ինքնին լավ բան է, մենք միշտ ասում ենք, որ կառավարության այդ ջանքը մեզ համար ողջունելի է, ՀՆԱ-ն սկսում է աճել։ Պատկերավոր ասեմ, ենթադրենք արտադրվում էր 100 միավոր ապրանք, որը վաճառվում էր առևտրային ցանցով, և միայն 70-ի համար էր ՀԴՄ տպվում։ Եվ վիճակագրությունը ցույց էր տալիս, որ մենք 70 միավոր ենք արտադրել և վաճառել։ Հիմա երբ 100-ի համար է ՀԴՄ-ն տպվում, ունենք 100 միավոր և գրեթե 50 տոկոս աճ։ Բայց իրականում շարունակում են 100 միավոր արտադրել, ավելի բան չի արտադրվել։ Արտադրության ծավալները, ինչը ՀՆԱ-ի բաղադրիչներից մեկն է, թվում է՝ աճել են։ Բայց քանի որ մեր վիճակագրությունը չի գնահատում, թե որ մասն է եղել ստվերից դուրս եկածը, որ մասը հավելյալ արտադրանքը, մենք չենք կարող խոսել տնտեսական իրական աճի մասին»։

Ինչո՞վ է պայմանավորված այս տարվա տնտեսական սպասելիքների ցածր նշաձողը՝  2020 թ. բյուջեով կանխատեսվել է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ աճը կշարունակի դանդաղել, քանի դեռ տնտեսության մեջ էական կառուցվածքային փոփոխություններ չեն արվել և տնտեսական պոտենցիալը չի մեծացել, ինչի համար պետք է լինեն ներդրումներ, կառավարության նպատակային ծրագրեր, կապիտալ բյուջեն պետք է կատարվի։

Խոսելով օրվա իշխանությունների խոստացած ներդրումների մասին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամն ասաց, որ արտաքին լուրջ ներդրումների մասին իշխանությունները չիրազեկեցին հանրությանը, մինչդեռ բավական է ինչ-որ ներդրումային ծրագիր կյանքի կոչվի, գոնե մեկ բարձրաստիճան այր ժապավեն է կտրում կամ հիմնարկեքին է մասնակցում։ Ժապավեն կտրվել է, բայց դրանք մինչև հեղափոխությունն արված ներդրումների արդյունքն են։ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան գնվել էր մի քանի տարի առաջ և այնտեղ հետագայում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, որոնց ավարտը և ֆաբրիկայի շահագործումը համընկավ այս կառավարությա հետ։ Ըստ նրա՝ դժվար Հայաստանում նոր ներդրումներ լինեն, քանի դեռ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը գործարարների համար հստակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում